ԿԱՐԻՆ — Գյուղացիների բողոքի արդյունքում կասեցվել է Երզնկայի Քոնարլը գյուղի ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը, հայտնում է «pirha» լրատվական գործակալությունը։

Բինգյոլի Յեդիսուի և Դերիսիմի Քըրդիմ շրջանում գտնվող ջրվեժի տարածքում պետք է կառուցվեին «Հայդար 1 և 2» հիդրոէլեկտրակայանները։ Հիդրոէլեկտրակայանների կառուցման նախագիծը գյուղացիների շրջանում դժգոհությունների պատճառ է հանդիսացել, ինչի արդյունքում կասեցվել է հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը։

Նշենք, որ Հիդրոէլեկտրակայանի կառուցման վայրը ալևիների համար հանդիսանում է սրբավայր։

Գյուղի բնակիչներից Շեհերլին անդրադառնալով հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին, մասնավորապես նշել է․
«Քանի որ այստեղ ձնհալի հետևանքով առաջացած ջրերը շատ են, տարածքում հիդրոէլեկտրակայանի կառուցման որոշում է ընդունվել։Ինչն էլ գյուղացիների մոտ դժգոհությունների պատճառ է հանդիսացել։ Նրանց պայքարի արդյունքում հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը չեղյալ է հայտարարվել։ Հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի վերաբերյալ դիմել ենք Դերսիմի փաստաբանների ասոցացիային, այնուհետև՝ հիդրոէլեկտրակայանի կառուցման համար Սվասի շրջանային դատարանում դատական գործ է հարուցվել։ Դատական գործընթացներից հետո ընդունված որոշումը գյուղացիների օգտին էր։ Ներկայումս նախագիծը դադարեցվել է, բայց դա չի նշանակում, որ նախագիծը հետագայում նորից կյանքի չի կոչվի»։