Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Անտոնիու Գուտերեշը ողջունել է նախարարին` ասելով, որ Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը Անտոնիու Գուտերեշին ներկայացրել է, թե ինչ է անհրաժեշտ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար։
Մասնավորապես Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:
Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։