Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությանը, նշել է, որ այդ կերպ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ լծակ ստանալու Հայաստանի վրա բանակցություններում ճնշում գործադրելու համար։

«Փաստ է, որ ներկայումս Նախիջևանում տեղի է ունենում մի այնպիսի ակտիվություն, այդ թվում՝ ռազմական, որը մինչ այդ չկար: Ադրբեջանն ու Թուրքիան ի՞նչ նպատակ ունեն ակտիվացնելով դա: Կարծում եմ, որ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ լծակ ստանալու Հայաստանի վրա բանակցություններում ճնշում գործադրելու համար: Սա է Ադրբեջանի նպատակը: Իսկ Թուրքիայի նպատակը հետևյալն է. երբ ծանոթանում ես թուրքական մամուլին, նրանք գրում են, որ իրենց համար Նախիջևանը Հարավային Կովկասում ռազմական ներկայացվածություն ապահովելու համար է, մյուս կողմից դա հնարավորություն է Թուրքիայի համար մոտեցնել սահմանները թուրքալեզու ժողովրդի հետ»,- մանրամասնեց Սաֆրաստյանը:

Նա ասաց, որ Թուրքիան գտնվում է դեպի նոր Թուրքիա ճանապարհին: «Աշխատանքներ են տարվում նոր Թուրքիա ստեղծելու: Էրդողանն էլ ժամանակ առ ժամանակ հայտարարություններում ասում է, թե նոր Թուրքիա են կառուցում: Մեծ միջոցներ են օգտագործում կառուցման համար, մեծ աշխատանք են տանում»,- ասաց նա: