Ամերիկացի և թուրք զինվորականները սիրիական Մանբիջում համատեղ պարեկային ծառայություն կիրականացնեն։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքի գծով ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը, գրում է nerinaazad.org կայքը։

Պաշտոնյան նշել է, որ երկու երկրների ԶՈւ ներկայացուցիչներն այդ նպատակով մոտ ապագայում կիրականացնեն մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ։

Վոթելը նաև ընդգծել է, որ պարեկությունը հանդիսանալու է դիվանագիտական «ճանապարհային քարտեզի» մի մասը, որը կնքվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։

«Այս խառնաշփոթ իրավիճակում ռազմաճակատի որոշ հատվածներում միասնական պարեկային ծառայություն իրականացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները շուտով կսկսվեն»,- ասել է ամերիկացի գեներալը։

Ավելի վաղ սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ու համաձայնել համապատասխան փաստաթուղթն ուղղել երկու երկրների պետական բարձր մարմիններին։