Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Հայաստանի համար մեծագույն կարևորության զարգացումներ են:

Թուրքագետի խոսքով՝ «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդական կուսակցությունը, տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքելով 13 տոկոս ձայն, ցույց տվեց, որ ինքնակազմակերպման գործընթացում մեկ քայլ առաջ է անցել և նախապատրաստվում է հնարավոր Քրդստանի ստեղծմանը` ցույց տալով, որ այն, ինչ տասնամյակներ շարունակ քրդերը փորձում էին անել՝ մեկ քայլով մոտեցել են դրան. «Պետք է հասկանանք, որ Քրդստանը ստեղծվելու է մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, քանի որ այսօր այդ հողերի բնակիչները քրդերն են ու այդ զարգացումներն ուղղակիորեն առնչվում են նաև մեզ հետ, մեր պահանջատիրությանը և տարածքային խնդիրներին»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ Թուրքիան չի կարողանում կենտրոնանալ հակահայ ճակատում և իր ներքին ու արտաքին խնդիրները որոշակիորեն շեղում են շատ ավելի ընդգծված հակահայ գործունեությունից:

Թուրքագետը գտնում է, որ ներկայում հայկական հարցը, հայկական գործոնը թուրք-քրդական զարգացման մեջ երկրորդական է. «Մենք պետք է հասկանանք, որ ներկայում Թուրքիայի համար հայկական հարցը առաջնային խնդիրների ցուցակում չէ: Թուրքիայի համար խնդիրների խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը: Իհարկե, հայկական հարցը կարևոր է, ես չեմ փորձում դրա կարևորությունը նվազեցնել, բայց, այնուամենայիվ, դեռևս առաջնային կարևորության հարցերի մեջ չէ»,- եզրափակեց Գ. Պետրոսյանը:

 

Մերի Բալասանյան

 

http://nyut.am/?p=82313&l=am