«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված ավելի քան 3.500 եզդի կանայք շարունակում են մինչ օրս անհայտ կորած համարվել։

Հայտնի է, որ ԻՊ-ից մինչ օրս փրկվել է շուրջ 3.000 եզդի կին․ նրանց գնել են ստրուկների շուկաներից կամ համացանցի միջոցով, ինչի շնորհիվ այս կանայք կարողացել են ազատություն ստանալ։ Սակայն շատերի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

ԻՊ-ը եզդիաբնակ Սինջար շրջանի վրա հարձակվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին՝ հարևան Մոսուլը գրավելուց հետո։ Սինջարի կենտրոնում ու հարակից գյուղերում տղամարդիկ սպանվեցին կամ բռնի կերպով կրոնափոխվեցին, կանայք ու երեխաներն առևանգվեցին։ Կանայք նախ բերվել են Մոսուլ, իսկ հետո տարվել սիրիական Ռաքքա՝ վաճառքի հանվելով ստրուկների շուկայում։

«Շուրջ 3.500 եզդի դեռ անհայտ կորած է համարվում։ Լավ, իսկ որտե՞ղ են նրանք»,- նշում է թղթակիցը։

Ըստ եզդիներից շատերի՝ իրենց կորած հայրենակիցները դեռ ԻՊ-ի ձեռքում են և գտնվում են այն շրջաններում, որտեղ մինչ օրս կենտրոնացված են մնում ԻՊ զինյալները։

Աղբյուրը՝ gazeteduvar.com.tr