Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»:

Քոնիայի նահանգի Զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում որոշվել է վերոնշյալ հայկական եկեղեցին վերանորոգել և վերափոխել մշակույթի տան:

Աքշեհիրի քաղաքապետի խոսքերով՝ այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը ավարտված է։ Նախատեսվում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։

Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար հատկացվել է 2 մլն թուրքական լիրա։

Հավելենք, որ Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո աստիճանաբար փլուզվել է: Ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն ներկայում Աքշեհիրում հայեր գրեթե չեն մնացել: