Ստանսիլավ Տարասովն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին ռուսական Ս-400 համակարգերի ֆոնին՝ նախանշելով զարգացման ընթացքը։

«Ռուսական Ս-400 համակարգերի գնումը և ամերիկյան կործանիչների մատակարարաումը Թուրքիային վերջերս մեծ զարգացում ունեցավ։ Սկզբում ԱՄՆ հանգիստ էր վերաբերվում ռուսական համակարգերի Թուրքիայի կողմից գնմանը՝ անգամ որոշակի փուլում ռուսական Ս-400 համակարգերի փոխարեն Թուրքիային առաջարկելով իր Patriot համակարգերը։ Անկարան համաձայնեց՝ պայմանով, որ ամերիկացիներից ստանա այդ համակարգերի համատեղ արտադրման տեխնոլոգիաները։ Վաշինգտոնը հրաժարվեց։ Թուրքական Yeni Safak-ն այդ կապակցությամբ գրում է․ «ԱՄՆ վճռականորեն մերժեց Թուրքիայի հարցմանը տեխնոլոգիաների տրամադրման մասով և նույնիսկ երաշխիքներ պահանջեց, որ թուրք ինժեներները որևէ կերպ չմիջամտեն։ Ի հավելումն այս ամենին, եթե Ամերիկան Անկարային վաճառեր Patriot-ը, ապա դրա մարտկոցները, գնված միլիարդավոր դոլարներով, ժամկետի լրացման պարագայում, անկախ այն հանգամանքից կիրառվել են, թե ոչ, պետք է հետ վերադարձվեն ԱՄՆ-ին՝ նոր համակարգեր ձեռք բերելու համար։ Բացի այդ, Թուրքիան պարտավորվում է ԱՄՆ-ին տեղեկացնել նմանատիպ պաշտպանական համակարգերի գնման պարագայում, ինչպես նաև որտեղ և ում ուղղությամբ է կիրառում Patriot-ները, իսկ ամերիկյան զինվորականները պարբերաբար այցելելու էին Թուրքիա և հաշվելու հրթիռները»։

Ռուսաստանը այլ կերպ գործեց՝ նշելով երկփուլ նախագիծ․ առաջին փուլում առաջարկում էր պատրաստ արտադրանքի գնում, իսկ երկրորդում՝ համատեղ արտադրություն։ Արդյունքում՝ 2017-ին Թուրքիայի հետ ստորագրվեց կրեդիտային համաձայնագիր Ս-400 համակարգերի մասով։

Սրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Մոսկվան «արձագանքել է մեր հարցումներին բավական գրավիչ առաջարկով և մեզ բավական լավ պայմաններ են փոխարենն առաջարկվել»։ Գործը հասավ նրան, որ ՆԱՏՕ-ն անվստահություն հայտնեց Անկարային։ ԱՄՆ իր հերթին սկսեց մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, սպառնալ տարբեր պատժամիջոցներով և անգամ որակապես փոխել երկկողմ հարաբերությունները։

Չլռեցին նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերները՝ հայտարարելով, որ իր տարածքում Ս-400 համակարգերի կիրառման պարագայում «Դաշինքի հարավային պաշտպանության համակարգը կվտանգվի»։

Բայց Անկարան չհամաձայնվեց նման փաստարկների հետ և նշեց նոր նպատակ․ ոչ միայն գնել, այլև վաճառել զենք, զարգացնել իր ռազմարդյունաբերությունը՝ կիրառելով սեփական և արտասահմանյան առաջադեմ տեխնոլոգիաները։ Եվ միայն այս փուլում Վաշինգտոնը ուժեղ քայլ ձեռնարկեց՝ խոստանալով արգելափակել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։ Բայց վերջնական որոշումը Պենտագոնինն է, որը պետք է վերլուծի իրավիճակը և 90 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնի, թե ինչպես կազդի F-35-ի ծրագրում Անկարայի մասնակցության դադարեցումը թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև Ս-400 համակարգերի ձեռքբերման Թուրքիայի նախագծերի վրա։

Այնուամենայնիվ, Թուրքիան մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Իրանի, Ռուսաստանի միջև»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2454532.html