Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներին՝ չբացառելով, որ այս երկուսի երկուսի միջև հակասությունները կարող են ավելի խորանալ:

Հեղինակը մասնավորապես նշում է, որ քչերն էին սպասում, որ բողոքական եկեղեցու քահանա Էնդրյու Բրանսոնի պատմությունը ամերիկա-թուրքական հարաբերությունների լարման առիթ կդառնար, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա մշտական խութերը հաճախ հարթվել են դիվանագիտական խողովակներով:

Այս անգամ սցենարն այլ կերպ է զարգանում: Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակներից Անկարայի վրա հրապարակային հոգեբանական ճնշում է գործադրում՝ սպառնալով տարաբնույթ պատժամիջոցներ:

Տարասովի խոսքով՝ այս հարցում Թուրքիան ևս համառ է: Մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է գործընկերներին, որ «Անկարան չի պատրաստվում ընկրկել որևէ մեկի սպառնալիքների առաջ, իսկ օրենքի գերակայությունը վերաբերվում է բոլորին՝ առանց բացառույթան»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ բացեիբաց ակնարկեց, որ «ԱՄՆ կարող է Թուրքիային կորցնել որպես մտերիմ դաշնակցի»:
Թե որքան երկար կտևի Վաշինգտոնի և Անկարայի միջև այս բախումը, դժվար է ասել, քանի որ ամերիկացիները չեն պատրաստվում թուրքերի հետ երկխոսել որպես հավասարը հավասարի, այլ կփորձեն, ինչպես հին ժամանակներում, պարտադրել նրանց իրենց պայմանները:

Խնդիրն իրականում քահանայի մեջ չէ: Ամեն ինչ ավելի խորն է: Hürriyet-ն այս կապակցությամբ գրում է, որ թուրքական վերնախավը լուրջ խնդիրներ է ունեցել ամերիկյան վարչակազմի հետ՝ ընդդիմանալով Թրամփին Սիրիայի հարցում տեսակետների բախման պատճառով: Բայց Անկարան, հույս դնելով ԱՄՆ ներկա նախագահի հաղթանակի վրա, վստահ էր, որ Թրամփի և Էրդողանի ուղիղ հարաբերությունները կլուծեն բոլոր խնդիրները: Բայց Թուրքիայի սպասելիքներն ի դերև եղան, քանի որ Սպիտակ տունը տարածաշրջանում նոր գործընկերոջ հետ համաձայնության փնտրտուքների մեջ է, որի թվում Անկարան վաղուց առաջին տեղում չէ:

Այս տեսանկյունից հետաքրքրական է Էրդողանի հայտարարությունը, որ սեպտեմբերի 7-ին Ստամբուլում անցկացվելու է Սիրիայի հարցով համաժողով Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, որին Վաշինգտոնը հրավիրված չէ: Թեհրանում ևս կայանալու է համաժողով, այս Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ: Թե ինչ զարգացում կունենան թուրք-ամերիկյան հարաբերությունները, դժվար է ասել, փաստ է, որ այս երկուսի հարաբերություններն օր օրի վատթարանում են:

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2455805.html