Արևմտյան Հայաստանում գտնվող Նեմրութ լեռը շարունակում է զարմացնել ողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկներին։

1987թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հուշարձանը՝ Նեմրութը, գրավում է բոլորին հնագույն դիցերի և դիցուհիների արձանաշարով, որն իր տեսակի մեջ եզակի է։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տարածաքային բաժնի ղեկավար Մուստաֆա Էկինչին նշել է, որ առաջին 7 ամիսների ընթացքում Նեմրութ է բարձրացել 45․000 զբոսաշրջիկ, բայց մտադիր են քանակը հասցնել մինչև 100․000-ի։

Նշենք, որ Նեմրութ լեռան դամբարանաբլուր-սրբավայրը հայտնաբերվել է 19-րդ դարում, որը կառուցվել էր Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․թ․ա․ 69 — 34) կողմից։ Դամբարանի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից։

Արձաններն ունեն մինչև 8 մ բարձրություն և կառուցված են կրաքարե խոշոր վեմերից։ Արձանախմբի կենտրոնում է Արամազդը, կա նաև Անահիտի, Միհրի, Վահագնի և այլ դիցերի արձանները։

Նեմրութ հասնելու համար հարկավոր է քայլել 800 մ ճանապարհ և ականատես լինել ոչ միայն պատմական բացառիկ կոթողներին, այլև դիտել մայրամուտը։