Ներքաղաքական անցուդարձի, արտաքին մարտահրավերների, հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, իշխանությունները քայլեր են ձեռնարկում Սահմանադրությունը փոփոխելու ուղղությամբ: Ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատ: Ձեր կարծիքով, կհաջողվի՞ հասարակական-քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին կասեցնել այդ փոփոխությունները:

-Անկեղծ ասած՝ Սահմանադրությանը շատ հպանցիկ եմ ծանոթ, թե ինչ կետեր կան եւ ինչ ձեւերով է փոխվում, իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս է:

-Պարոն Կարապետյան, վերջին հաշվով փոփոխությունները հանրաքվեի են դրվելու, քաղաքացին է «այո» կամ «ոչ» ասելու Սահմանադրությանը, եւ Ձեզ նման բազմաթիվ քաղաքացիներ են այսօր հայտնում իրենց անտարբերությունը, որ չեն ուսումնասիրել նախագիծը, որ իրենց չի հուզում: Ինչո՞ւ է դա այդպես:

-Ես մի քիչ ուրիշ տեսանկյունից եմ ցանկանում մոտենալ այդ հարցին: Եթե ես իմանամ, որ Սահմանադրության փոփոխությամբ, բարեփոխմամբ մեր հասարակությունը մի քիչ ավելի հայրենասեր է լինելու, ավելի ուշադիր կլինեմ: Այն, ինչը որ ինձ հետաքրքրում է, ես համոզված եմ, որ դրանով հարց չի լուծվում: Մեր հասարակությունն ինչպես որ եղել է անարմատ, այդ ձեւով շարունակում է: Չգիտեմ էլ ինչի համար է՝ ինչ-որ մի երկու բառ էս կողմ կամ էն կողմ: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, այն է, որ մեր ժողովուրդը որքանով է զգում իր արմատը եւ պատկանելիության զգացում ունի՞, թե՞ չունի: Մի բան, որը չկա: Հիմա Սահմանադրության մեջ ինչ են փոխել, ինչ չեն փոխել… ամենակարեւորը չկա մեր մեջ: Երրորդական բաների հետեւից արժե՞ ընկնել:

-Ուզում եք ասել Սահմանադրության փոխարեն մենք մե՞զ պետք է փոխենք:

-Մեր հասարակությունն անհոգ է, փնթի, խորթացած իր հողին, ամեն մի հայ որ քայլում է, հետեւից մի քանի հոգի պիտի մաքրեն: Այս վիճակում Սահմանադրություն փոխելը չգիտեմ ինչ…

-Ինչո՞ւ եք այդքան հիասթափված:

-Որեւէ ազգ, որն իր տան մեջ իրեն հյուրի նման է պահում, դա ինձ չի կարող ոգեւորել: Ինչի՞ վրա ոգեւորվեմ:

-Իսկ այդ փոփոխությունը երբվանի՞ց է նկատելի դարձել Ձեզ համար:

-Ես շատ վաղուց եմ դա նկատել: Դեռ դպրոցական բարձր դասարաններում էի, երբ զգում էի, որ մեր մեջ մի բան այն չէ: Ես ժամանակին շատ նեղված էի ճարտարապետ Արմեն Զարյանից: Նրա մի խոսքն ինձ համար այնքան վիրավորական էր: Զարյանը մահվանից երեք ամիս առաջ ասաց՝ մենք լավ ժողովուրդ չենք: Այդ խոսքի պատճառով ես դադարեցի այցելել իրենց տուն: Հիմա իրենից շատ ավելի կասեմ այդ խոսքը: Բայց այդ տարիքում, երբ որ լսեցի նման բան, իմ մեջ մեծ փոթորիկ եղավ: Այդ խոսքի պատճառով ես դադարեցի այդ մարդուն այցելել: Հիմա ես ինքս եմ տեսնում, թե մենք ինչ աստիճանի փչացած ժողովուրդ ենք: Որեւէ ազգ, որ արմատ չի զգում, ինքը փչացած է: Մենք դասական օրինակ ենք:

Դա անբուժելի՞ է, հնարավոր չէ՞ արմատախիլ անել:

-Սա 17 դարերի հիվանդություն է: Մենք հանուն հայրենիքի դադարեցինք ապրել 17 դար: Մեր հանունների հասցեատերը 17 դար հայրենիքը չէ:

Իհարկե, միանշանակ ամեն ինչ վատ չէ, լավ բաներ էլ կան, այդ լավն ավելի զորացնելու հույսով էլ ապրում ենք: Հույսով, որ առողջ ծիլերը հասակ առնեն:

Պարոն Կարապետյան, բողոքի ակցիաներին այսօր հիմնականում երիտասարդներ են մասնակցում, ովքեր համարձակ են, որոնց համար վախենալու չեն ո՛չ ջրցանները, ո՛չ ոստիկանները: Սա արդյո՞ք հույս չի ներշնչում:

-Չի համոզում, չեմ կարող բացատրել, թե ինչու, որովհետեւ բաներ կան, որ կարծես ներքին ձայնով եմ ես զգում, չի համոզում: Չգիտեմ: Հիացած չեմ: Երիտասարդները լավն են, բայց այդ գործունեությունը չէ, որ ինձ համոզում է:

-Վատատեսորեն եք տրամադրված:

-Ես վատատես չեմ, հիասթափված եմ: Ամեն վայրկյան հիասթափվելու պատճառ կա: Զգում ես, որ քո հասարակությունը, քո ազգակիցն ինքը խնամք տանող չէ, ինքը չի գիտակցում, որ պարտավորություններ ունի հայրենիքի նկատմամբ, որ փնթի է եւ ամեն վայրկյան ապականում է թե՛ դուրսը, թե՛ ներսը: Մեկ միլիոն ծխող ունենք: Սա երեք միլիոնի մեջ գիտե՞ք ինչ է նշանակում: Այսինքն մենք մեկ միլիոն ինքնասպան ունենք, աննպատակ ինքնասպան: Այսինքն, ահավոր տգետ, ահավոր խավար հասարակություն ունենք: Սա խավարի եւ տգիտության ցուցանիշ է:

-Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ պահում հայրենիքում:

-Ուղղակի ճանաչողությունից բխող պարտավորվածությունները: Եթե մարդն իր ազգությունը չի ժխտում, եւ ամեն անհատ իր ազգության անդամ է, ինքը պարտավորվածություններ ունի: Ես գտնում եմ, որ մենք վիթխարի պարտքեր ունենք: Մեր պապերից, որ այդքան ողորմի ենք ասում: Գտնում եմ, որ ահռելի պարտքեր ունենք, որովհետեւ սերնդեսերունդ մեր պապերը սխալ են ապրել: Չեն ապրել հանուն հայրենիքի, սխալը դրա մեջ է կայացել: Արդեն 17 դար ապրում ենք հանուն խաչի եւ հանուն Քրիստոսի, իսկ խաչի հայրենիքն իմ հայկական լեռնաշխարհը չէ, իմ օրրանը չէ: Չենք ապրել հանուն հայրենիքի, դրա համար էլ աշխարհով մեկ սփռվել ենք: Մեր գաղափարն ինքը ցուպը ձեռքին է, այն, ինչով որ առաջնորդվում ենք եւ դրա համար էլ հեշտությամբ սփռվում ենք: Եվ այն, ինչը որ կատարվում է մեր շուրջը հիմա, համոզիչ չէ: Որովհետեւ ոչ մեկը հանուն հայրենիքի չէ: Այսօր ուղղակի պետք է աշխատել, եւ շատ հարցեր ինքնաբերաբար փակվում են, եւ դեռ ուրիշ գործեր էլ կանես քո ընտանիքի եւ քո երկրի համար: Այսօր ամիսներով ոչինչ չենք անում, բայց գոռում ենք, որ դեմ ենք, ասենք, էլեկտրաէներգիայի թանկացմանը:

-Պարոն Կարապետյան, դեմ չլինե՞նք, ոչինչ չասե՞նք, այդ դեպքում իշխանություններն ավելի «վճռականորեն» կանեն այն, ինչ ցանկանում են:

-Իշխանությունները հայ ազգի նկարագրի հայելին են: Ինքներս մեր դեմ կռիվ չանենք: Իշխանությունները հալալ-զուլալ մեր ծոցից են դուրս եկած: Եթե չենք հավանում, ասում ենք վատն է, էդ մենք ենք վատը, դա մեր հայելին է: Ունե՞նք ավելի լավ մեկը կամ ունեցե՞լ ենք: Ի՞նչ իշխանություն եղավ, դժգոհ ենք, միշտ դժգոհ ենք: Մեկ-մեկ որ ես էլ ասում եմ՝ լավ, եթե սա չէ, իսկ ո՞վ… չկա: Համեմատության մեջ ներկա իշխանությունը երեկվանից լավ է, երեկվանը մի քիչ ավելի լավ էր, քան առաջին իշխանությունը: Եթե անկեղծ խոսենք:

-Չունե՞ք մտավախություն, որ այս հարցազրույցից հետո շատերը Ձեզանից կնեղանան, կքննադատեն Ձեր վերաբերմունքը ազգի նկատմամբ:

-Իհարկե վստահ, անարմատ ազգ ենք, ինչպե՞ս չպիտի քննադատեն: Շատերը չէ, գրեթե բոլորը պետք է քննադատեն: Ամեն երրորդը ծխում է, ամեն երրորդի ուղեղը նորմալ չի գործում: Ինչպե՞ս կարող է չքննադատել: Պիտի թքեն-մրեն էս ասածներս, բարեւ չտան, հայհոյեն, սա է… Վերջերս մի նյութ ընթերցեցի, թե ճակատամարտի պահին տարբեր ազգեր ինչ խոսք են ասում: Ռուսն ասում է՝ «За Родину», ֆրանսիացին ասում է՝ «Հանուն Ֆրանսիայի», մի ժամանակ՝ «Հանուն Նապոլեոնի, հանուն Ֆրանսիայի»: Միջնադարից, այն որ վկայություններն ունենք, հայ զինվորը ճակատամարտից առաջ թշնամուն հայհոյում է: Բերանը հայհոյանք է: Սա գիտե՞ք ինչքան բան է ասում: Կռիվը, ազգի կռիվը, պատիվ ունեցող ազգի կռիվը հանուն հայրենիքի կլինի: Եվ այդ կենաց-մահու պահին միակ խոսքը, որ պետք է գա, դա հայրենիքի փառաբանությունը պետք է լինի: Այո՛, հանուն հայրենիքի պիտի լինի:

Բայց էս ամեն ինչը մեզ ընդամենը հուշում է, թե մեր անելիքները որքան շատ են: Մենք վիթխարի անելիքներ ունենք, բայց այնքա՜ն անհոգ ենք:

-Պարոն Կարապետյան, իսկ մեր հայելային արտացոլանքին ո՞նց կարելի է վերափոխել, նկատի ունեմ իշխանություններին:

-Ամեն մարդ իր ոլորտի մեջ պետք է կարողանա մի բան անել: Ես վստահ եմ, որ հայրենիքի ճանաչող անհատն իրեն այլ կերպ է պահում: Հայրենասեր լինելու համար պետք է հայրենաճանաչ լինես, սա պայման է: Իմ գործունեության մեջ, կյանքիս հիմնական մասը սա՛ եմ արել եւ սա եմ անում: Փորձում եմ իմ ազգակիցներին մի քիչ ավելի հայրենաճանաչ դարձնել, որովհետեւ ինքնաբերաբար հայրենաճանաչ լինելով՝ ավելի հայրենասեր կլինես: Հայրենասեր լինելով այդ խոտոր ճանապարհներին քեզ մի քիչ ավելի ճիշտ կպահես: Ավելի հեռու կմնան այդ խոտոր ճանապարհներից:

-Պարոն Կարապետյան, աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են կատարվում, լուրջ պրոցեսներ են տեղի ունենում նաեւ մեր տարածաշրջանում եւ հարեւան երկրներում: Այս իրավիճակում արդյոք օրվա հրամայական չէ օր առաջ քայլեր ձեռնարկել՝ ժամանակին եւ իրավիճակին համահունչ քայլելու:

-Այո, մենք ամեն անցնող վայրկյան հետ ենք գնում: Մեր բռնած ճանապարհը դեռ ապրեցնող ճանապարհը չէ: Շատ աշխատանք կա շտկելու եւ ճիշտ ճանապարհով գնալու: Անվերջ հետ ենք մնում: Սա շատ վտանգավոր է: Այն հարաբերական խաղաղությունը, որ վայելում ենք ավելի քան երկու տասնամյակ, այդ խաղաղ տարիներն ընդհանրապես ազգերին տրվում է, որ անխուսափելի, նոր պատերազմից առաջ ավելի պատրաստ գտնվեն: Միայն դրա համար է, որպեսզի հերթական պատերազմի ժամանակ ավելի քիչ կորուստ տան:

-Մենք այդ ժամանակը սխա՞լ ենք օգտագործել:

-Մենք շատ անպատրաստ ենք ու օր օրի զգում եմ, որ մոտենում ենք, արդեն համարյա նոր պատերազմի շեմին ենք: Արդեն նոր պատերազմը բախում է մեր դուռը, իսկ մենք այնքա՜ն անհոգ ենք, այնպես անհոգ: Ստեփանակերտ ես գնում, պատերազմի մեջ եղած բնակավայրում տեսնում ես կառուցած շենքերը, նայում ես, որ թշնամուց 25 կմ է հեռու, ամեն մի շենք այդ դեպքում պետք է հատուկ նկուղներ ունենար, հատուկ պատերազմական վիճակների համար, որ ամիսներ ու տարիներ նկուղների մեջ անցկացնեին ստեփանակերտցիները: Բայց այսօր նոր շենքերը կառուցում են, նորից առանց նկուղների: Այսինքն, որ արցախցին պատերազմի մեջ էր, իր տան մեջ պատերազմ է, չգիտակցեց ու չհասկացավ, թե ինչ տեսակ շենքեր պետք է կառուցի, որ վաղվա պատերազմի ժամանակ կարողանա դիմակայել, սա է: Մինչեւ ատամները զինված երկրի դեմ ենք, եւ մեր թշնամին է: Ինչպե՞ս ենք կառուցապատում այսօր Երեւանը: Վաղը պատերազմի դեպքում մի քանի ռումբ գցեն, Երեւանի կեսը նստելու է: Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ մեր ամեն մի բնակելի շենք պետք է նախագծվեր նախ եւ առաջ ստորգետնյա ապահով կացարանների հարկաբաժիններով, մի քանի հարկ եւ ամեն կենսական պայմաններով, որ ամիսներով մարդիկ ստիպված լինեն թաքնվել, եթե ապրեն վտանգի մեջ: Պետք է այս ամեն ինչը մենք ապահովենք, նոր, վիթխարի, Հայաստանն ավերող պատերազմի առաջ ենք, եւ սա վատատեսություն չէ: Ուղղակի մենք Վարդան Պետրոսյանի «Հավի» պատմությունն ենք, որ ոչ մի բանից օրինակ չի վերցնում: Սա ահազանգ է: Երկրաշարժը կամ: Ոչ պատերազմից, ոչ երկրաշարժից, ոչ մի բանից դաս չենք վերցնում: Երկրաշարժ տեսած ազգը էս ձեւի շենքե՞ր կսարքեր, որ հիմա սարքեց եւ սարքում է: Մենք կորուստներ ենք տալու, ցավալիորեն մեծ կորուստներ, եւ ավելի ցավալին այն է, որ ապագա կորուստներից էլ մենք դաս առնող չենք, հիմիկվանից կարող եմ ասել: Ոչ թե անցածից դաս չառանք երբեւէ, այլ ապագա ավելի մեծ կորուստներ են լինելու: Ապագայի կորուստներից դաս առնող չենք:

Արմենուհի Վարդանյան

 

http://galatv.am/hy/news/123360/