Կիր. Սպտ 27th, 2020

Սովորության համաձայն` հուլիսի վերջին կիրակի օրը Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկները բարձրանում են Արագած լեռը: Այս տարվա ուխտագնացության ժամանակ նրանք ականատես են եղել սրբապղծության:

Yerkir.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը պատմեց, որ Արագած բարձրանալիս նկատել են, որ զոհված ազատամարտիկների հուշաքարերը չկան և հետագայում արդեն համացանցում տեսել են լուսանկարներ, որ հուշաքարերը ավերված են և նետված խառնարանը:

Մեր հարցին, թե այդ քայլը ո՞ւմ է ձեռնտու կամ ի՞նչ նպատակով է արվել, Մխիթարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` սա ոչ թե հակադաշնակցականության արդյունք է, այլ` ապազգային քայլ, ազգադավություն: Եթե միայն Շուշիի գումարտակի ազատամարտիկներինը` Պետոյի, Թաթուլի հուշաքարերը ջարդած և նետած լինեին, ես կմտածեի, որ սա հակադաշնակցական դրսևորում է, բայց քանի որ, դաշնակցականներից բացի, այնտեղ եղել են նաև այլ ազատամարտիկների հուշաքարեր, օրինակ` Լեոնիդ Ազգալդյանի անունով, որը նույնպես ոչնչացված է, կարծում եմ` հակազգային երևույթ է:

Սա մեր ազգային արժեքները ոտնահարելու քայլերին համարժեք քայլ է: Իմ մտավախությունը նաև այն է, որ նմանատիպ արարքները կարող են հասնել նաև Եռաբլուր կամ պանթեոններ: Աստված տա` ես սխալված լինեմ, բայց ուրիշ ձև սա չեմ կարող մեկնաբանել»:
Մեր հարցին, թե հուշաքարերի ոչնչացման հարցով պատրաստվո՞ւմ են դիմել պատկան մարմիններին, Մխիթարյանը պատասխանեց, որ փաստերի բացակայությունը խոչընդոտում է այդ քայլին:

«Ոչ ոք չգիտի` ե՞րբ է եղել, ո՞վ է արել, ու եթե հիմա դիմես իրավապահներին` գործը բացահայտելու պահանջով, դա նույնպես կմնա որպես չբացահայտված գործ:

Մենք պետք է կարողանանք ինչ-որ փաստերով դիմել: Այո, փաստն այն է, որ չկա, պոկել, նետել են խառնարանը, բայց թե ո՞վ է արել, ե՞րբ է արել…»,- ասաց նա` ցույց տալով ավերակ դարձած հուշաքարերի լուսանկարները:

Նախագահ Արմենակ Աբրահամեանը, որ մարտիկներու անունով յուշատախտակները Արագած բարձրացնելու աշխատանքը նախաձեռնողներէն մէկն եղած է՝ կը դատապարտէ այս ոճիրը։
«Արեւմտեան Հայաստանի յուշարձաններու ոչնչացումէն ետք, ապա Նախճաւանի խաչքարերու ոչնչացումին ետեւէն՝ (Արեւելեան) Հայաստանի Հանրապետութեան մէջ յանցագործութիւն իրականացուած է Արագած Լեռան յուշահամալիրը ոչնչացնելով»։
Մենք ամէն տարի Յուլիսի վերջին Կիրակի օրը՝ հաւաքուելու աւանդոյթ ունինք, ի յիշատակ մեր խիզախ մարտիկներուն: Արդեօք յեղափոխութեան քամին անդո՞ւնդ պիտի առաջնորդէ մեր ռազմական առաջնորդներուն յիշատակը:
Այս յանցագործութիւնը ցոյց կուտայ, որ Հայաստանի Հանրապետութենէն ներս իրական ձգտում կայ՝ նոյնիսկ Հայու ոգին բնաջնջելու։ Այս ոճրային գործողութիւնները անպատիժ պիտի չմնան:
Սակայն այն յանցագործները, որոնք այսպէս վերաբերած են՝ չեն հասկցած Արեւմտեան Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկներու վճռականութիւնն ու մարտունակութիւնը:
Յուշարձանները ոչնչացնելով՝ չեն կրնար ջնջել անոնց յիշատակը մեր սիրտերէն, ինչպէս որ (Արեւելեան) Հայաստանի Հանրապետութեան մէջէն:

 

Հայ ազատամարտիկներու Սրբազան միասնութիւնը