Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն: Այս մասին ասվում է Բոգոտայում Պաղեստինի դեսպանատան պաշտոնական կայքում:

«Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն: Պաղեստինի կառավարությունն ու ժողովուրդը ողջունում են այս որոշումը», — ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

Կոլումբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Ինչպես նշում է El Tiempo պարբերականը՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը կայացվել է նախորդ շաբաթ՝ Կոլումբիայի նախիկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից, սակայն օգոստոսի 7-ին երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Իվան Դուկե Մարկեսը:

Կոլումբիայում Իսրայելի դեսպանությունը ապտակ է համարել Կոլումբիայի այս քայլը։

«Իսրայելի դեսպանությունը և՛ զարմացած է, և՛ հիասթափված նախկին կառավարության որոշումից՝ ճանաչելու Պաղեստինի անկախությունը։ Սա ապտակ էր հավատարիմ դաշնակցի կողմից, որը հակասում է երկու երկրների ու նրանց ղեկավարների մտերմությանը և հարաբերություններին»։

Ի դեպ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ մասնակցելու է Կոլումբիայի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն վերջինս չեղյալ է հայտարարել այցը Գազայի հատվածում տեղի ունեցող բախումների պատճառով։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, Միջազգային քրեական դատարանը և 136 երկրներ ճանաչել են Պաղեստինի անկախությունը։