Նախճավան, Նախճուան, Նախճըւան, Նախջավան, Նախջուան, Նախիջաւան, Նախիջևան քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում: Ըստ ավանդության` Նախիջևանը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։

Նախիջևանը որպես ամրոց հիշատակվում է մ.թ.ա. VI դ.: Մ.թ.ա. III-II դդ. այն եղել է Մուրացյան տոհմի կալվածքը: Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակ միացվել է արքունի կալվածքներին: Արշակունիները Նախճավանի կառավարումը հանձնարարել էին Մարդպետունիների տոհմին:
IVդ. Նախիջևանը մարդպետական եպիսկոպոսի աթոռանիստն էր, վաճառաշահ և խոշոր քաղաք` բազմահազար հայ բնակչությամբ: Արշակունյաց հարստության անկումից (428թ.) հետո Սասանյանները Նախիջևանը դարձրել են պարսկական զորակայան, վերացրել Հայոց շահապի (քաղաքապետ) պաշտոնը: V-VIIդդ. եղել է օտար տիրապետության դեմ հայ ազատագրական շարժման կենտրոններից: 630-ական թթ. ազատագրվել է պարսկական լծից և մտել Հայաստանի կազմի մեջ:
654թ. արաբական նվաճողները գրավել են Նախիջևանը, սակայն 655թ. բյուզանդական զորքի աջակցությամբ հայերն ազատագրել են այն և պահել մինչև VIIդ. վերջը: Հայերի դիմադրությունը թուլացնելու նպատակով՝ խալիֆայության հանձնարարությամբ, Կասըմ զորավարը հայ նախարարներին 705թ. հրավիրել է Նախիջևան և ուխտադրուժորեն ոչնչացրել:
Հայաստանում խալիֆայության տիրապետության հաստատումից (VIIIդ. սկիզբ) հետո Նախիջևանը դարձել է արաբական ռազմակայան` ամիրայի գլխավորությամբ: Բագրատունիների թագավորության հաստատմամբ Նախիջևանը IX դ. վերջին ազատագրվել է արաբական նվաճողներից: Սմբատ Ա թագավորը 902 թ. Նախճավանը պարգևել է Սյունիքի գահերեց իշխան Սմբատին` որպես Սյունյաց մետրոպոլիտին ենթակա եպիսկոպոսության աթոռանիստ:
X-XI դդ. Նախիջևանը ապրել է աննախընթաց վերելք, կոչվել «առաջին հոյակերպ և հռչակավոր մայրաքաղաք»: Իսկ եվրոպացի XIII դ. ուղեգիր Ռուբրուքի վկայությամբ Նախիջևանն ուներ 80 եկեղեցի, որոնցից շատերը XII-XIII դդ. կործանվել են սելջուկյան թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ:
Սելջուկյան թուրքերի նվաճումներից (հատկապես XIդ. 2-րդ կեսից) հետո Նախիջևանում առաջին անգամ հաստատվել է թուրքական տարրը: Նվաճողները Նախիջևանը դարձրել են Ելտկուզյանների ամիրայության կենտրոն: 1211թ. հայ-վրացական զորքերն ազատագրել են Նախիջևանը և ճանաչել Օրբելյանների իշխանությունը: Այնուհետև այն ենթարկվել է նոր ավերածությունների (1225թ.` Խորեզմի շահ Ջալալ ադ Դինը, 1230-ական թթ.՝ թաթար-մոնղոլները, 1386թ.` Լենկթեմուրի հրոսակները), իսկ այստեղ հաստատված թուրքերը շատ եկեղեցիներ վերածել են մզկիթների:
Սեֆյան Իրանի տիրապետության ժամանակ (XVI-XVIIդդ.) Նախճավանը կառավարել է շահի կուսակալը: 1604-05թթ. Պարսից շահ Աբբաս I-ը Նախիջևանի հայ բնակչության զգալի մասին բռնի գաղթեցրել և բնակեցրել է Իրանում:
1720-ական թթ. Դավիթ Բեկի ուժերն ազատագրել են Նախիջևանը, բայց 1730-ական թթ. այն վերստին անցել է նվաճողների գերիշխանության ներքո, դարձել Նախիջևանի խանության կենտրոնը:
Նախիջևանը խանական լծից ազատագրվել է 1828թ. (Թուրքմենչայի պայմանանգիր 1828թ.), այնուհետև, իր գավառով հանդերձ, մնացել է Արևելյան Հայաստանի կազմում (1828-40թթ.` Հայկական մարզ, 1840-46թթ.` Երևանի գավառի, 1849-1918թթ.` Երևանի նահանգի կազմում):
1918թ. Նախիջևանը գրավել են թուրքական զորքերը: Նույն թվականի վերջին, երբ թուրքերը ստիպված հեռացել են բռնազավթած տարածքից, Նախիջևանի և Շարուր-Դարալագյազի գավառներում մուսավաթները ստեղծել են ինքնակոչ «Արաքսի Հանրապետությունը» («շուրա»)` Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանը անջատելու նպատակով:
Նախիջևանում և նրա գավառում սկսվել են հայ-թաթարական ջարդեր:
1919թ. հունիսի վերջին հայկական ուժերն ազատագրել են Նախիջևանը: «Արաքսի Հանրապետությունը» դադարել է գոյություն ունենալուց:
1920թ. հուլիսին Նախիջևանում հաստատվել են խորրհրդային կարգեր: 1921թ. Մոսկվայի և Կարսի խորհրդաթուրքական պայմանագրով Նախճավանը համանուն գավառի և այլ տարածքների հետ անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար տարածք բռնակցվել Խորհրդային Ադրբեջանին:
1924 թ. փետրվարից՝ Նախիջևանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքն է: