Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է արցախյան հակամարտության շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում արված հայտարարություններին։ Հեղինակն այդ հայտարարություններում որոշակի վտանգավոր երանգներ է տեսնում։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ինտրիգային հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ։

Նրա խոսքով՝ Երևանը «պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում նաև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման»։ Եվ ավելին․ «Մենք բոլորս հասկանում ենք, որ հարկավոր է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք արդեն հայտնել ենք մեր պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը կառուցողական ճանապարհով քաղաքական պարտավորությունների այն շրջանակներում, որոնք մեզ մեր վրա ենք վերցրել՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը»։

Այս հայտարարության մեջ այն, ինչը թեզիս չէ, ուրեմն հանելուկ է։ Փաշինյանը Բաքվին է ուղարկում բազմանշանակ, բայց մշուշոտ ազդակ՝ հաշվի առնելով արձագանքը։ Երբ վարչապետն ասում է, որ Երևանն արտահայտել է «իր պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը կառուցողական ճանապարհով քաղաքական պարտավորությունների այն շրջանակներում, որոնք մեզ մեր վրա ենք վերցրել՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը», այն կարող է նշանակել հետևյալը։

Նախկինում Փաշինյանը հայտարարում էր, որ «բանակացային գործընթացի արդյունավետությունը կախված է դրանցում Լեռնային Ղարաբաղի ներգրավումից, քանի որ Հայաստանի ղեկավարությունը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական հիմք բանակցելու նրանց անունից»։

Բայց երբ Բաքուն ընդդիմացավ Ստեփանակերտին բանակցային կողմ դաձնելուն, իսկ Երևանը դա ընդունեց, Բրյուսելում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքում՝ համաձայնություն ձեռք բերվեց բանակցությունները շարունակել նույն ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Գաջիևը նշեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում։ Բայց հենց այդ ընթացքում Փաշինյանը խոսեց «բանակցությունները վերսկսելու համար որոշակի նախապայմանների մասին», որոնք ստեղծվում են կամ պետք է ստեղծվեն «նախապատրաստական փուլում»։

Խոսելով Հայաստանի շահերի մասին՝ Փաշինյանը հասկացնում է, որ գոյություն ունեն նաև այլ երկրերի շահեր։ Ենթադրվում է, որ խոսքը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ազդեցությունների մասին է, ինչպես նաև արևմտյան պետությունների աշխարհաքաղաքական շահերի՝ նախ և առաջ ԱՄՆ-ի։

Բայց ո՞րն է Հայաստանի շահը Փաշինյանի պատկերացմամբ։ Մի բան է տեսականորեն քննարկել մի շարք հայ մտավորականների այն տեսակետը, որ «այսօր Անդրկովկասում վերածնվում է հին հայկական պետության ժառանգությունը Հայաստանի Հանրապետությունում»՝ նկատի ունենալով Արցախի Հանրապետությունը նրա կազմում։ Մեկ այլ բան է, հաշվի նստել հստակ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ՝ հասկանալով, որ ազգային շահերի իրագործումը ցանկացած հասկացողության մեջ անխուսափելիորեն ներառում է արտաքին խաղացողների հետ դաշնակցային կամ գործընկերային հարաբերությունների առկայությունը, ինչը նվազեցնում է սեփական խաղը առաջ տանելու հնարավորությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը հետաձգում է ղարաբաղյան ուղղությամբ քաղաքական ակտիվ քայլերը, քանի որ գիտի՝ դա իրեն քաղաքական դիվիդիենտներ չի բերի, այլ միայն խնդիրներ կառաջացնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և նոր կառավարություն ձևավորելու ճանապարհին։ Մինչ այդ Փաշինյանին հարկավոր է պահպանել ստատուս-քվոն։ Հակամարտության առումով նա հաղթանակի վրա հույս դնել չի կարող, մինչդեռ կարող է սխալներ գործել, ինչը ժողովրդին իր դեմ կհանի։
Եթե Բաքուն հրահրի լայնամասշտաբ մարտական գործողություններ, ապա Փաշինյանը կա՛մ կվերածվի ազգային առաջնորդի, կա՛մ կկորցնի իշխանությունը, քանի որ մեղքը և պատասխանատվությունը նրա ուսերին են։ Դա հասկանալով՝ Փաշինյանը որոշեց գնդակն ուղարկել ռուսական դաշտ՝ հայտարարելով, որ «չի կարող որևէ կերպ հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր բազմադարյա եղբայրը և բազմադարյա ընկերը թույլ տա, որ պատերազմ լինի»։

Այսինքն, եթե պատերազմ սկսվի, ոչ թե կողմերն են մեղավոր, այլ Մոսկվան։

Բացառված չէ, որ Փաշինյանը կփորձի վերադառնալ նախկին կառավարման համակարգին՝ նախագահականին, բայց դրա համար ժամանակ է հարկավոր, իսկ ամենակարևորը՝ երկրում քաղաքական կայունության պահպանում։

Այս ամենին զուգահեռ, հենց Արցախում են կայուն գործել և գործում բոլոր պետական համակարգերը։ Ուրեմն, ինչի՞ց է հետ մնացել Ստեփանակերտը, բացի Երևանից Ստեփանակերտ հաղորդվող հնարավոր քաոսից և անկայությունից։ Խնդիրը ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր պայմաններ և հնարավորություններ ստեղծելն է, այլ ընդհանուր տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2463340.html