CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում:

Այս մասին հայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը:

Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում 2019 թվականի հունիս ամսին:

Մրցաշարի անցկացման մանրամասները հայտնի են լինելու շուտով:

Հիշեցնենք, որ ԱՖԼ-ի ղեկավարներ Հրաչ Յագանը և Սևան Ասլանյանը դեռևս լիգայի մեկնարկից առաջ հայտարարել էին, որ փորձելու են եկող տարի Արցախում CONIFA-ի միջազգային մրցաշար անցկացնել:

CONIFA-ի ներկայացուցիչներն էլ հուլիսի սկզբին ժամանել էին Արցախի Հանրապետություն և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նշենք, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականը նույնպես CONIFA- ի անդամ է, որն այս տարի մասնակցեց Լոնդոնում կայացած CONIFA-ի աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: