Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Սիրիայի կառավարությունը իրավունք ունի ապահովել իր ինքնիշխանությունը եւ հեռացնել, վերացնել իր տարածքում ահաբեկչական սպառնալիքը, ընդգծելով, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայում կարգավորման բոլոր ջանքերին՝ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի համաձայն, հաղորդում է Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:

Լավրովը նշել է, որ ահաբեկիչներն օգտագործում են Իդլիբի քաղաքացիական բնակչությանը որպես մարդկային վահան եւ քիմիական զենքի օգտագործմամբ սադրանք են ծրագրում՝ նպատակ ունենալով հետագայում դրանում  մեղադրել Սիրիայի կառավարությանը:

«Եվ ՄԱԿ-ում, եւ Հաագայում, որտեղ գտնվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կենտրոնակայանը, մենք ներկայացրել ենք տարբեր աղբյուրներից ստացված կոնկրետ փաստեր, այդ փաստերը համընկնում են: Պետք է ջանքեր գործադրել, որ միջազգային կազմակերպությունները զգան իրենց պատասխանատվությունը ծրագրված սադրանքների համար եւ բարձրացնեն իրենց ձայնը նման փորձերի դեմ », — ամփոփել է Լավրովը:

Ցանկացած պետություն միջազգային իրավունքի համաձայն իրավունք ունի մանեւրել կա՛մ իր տարածքում, կա՛մ այլ պետությունների տարածքում` նրանց համաձայնեցմամբ, կա՛մ բաց ծովում, ինչը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»: