Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես Փաշինյան-Պուտին սպասվող այցի արդյունքներին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում սեպտեմբերի 8-ին բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց։ Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Հիշեցնենք, որ մայիսին ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը։

Այնպես որ, Մոսկվայի և Երևանի երկխոսությունը ինտենսիվորեն է զարգանում։ Այդ մասին հայտարարեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով․ «Կարծում եմ մեզ հարկավոր է լսել Հայաստանի նոր առաջնորդին, թե ինչպես է նա գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները։ Մենք իհարկե, անտարբեր չենք, թե ինչպես է այս իրավիճակում Հայաստանը կատարելու ՀԱՊԿ հանդեպ իր պարտավորությունները, մենք ելնում ենք նրանից, որ այդ պարտավորությունները գործում են, և դրանք պետք է իրականացնենք, այդ թվում նաև մեր ընդհանուր կազմակերպության վարկանիշի ամրապնդման հարցում»։

Իրականում Երևանի նոր իշխանությունները, հայտարարելով շարունակվող «հեղափոխության» մասին, սկսելով հաշիվներ պարզել ոչ վաղ պատմության հետ, ստեղծել են որոշակի վակուում Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություներ ձևավորելու հարցում՝ չնայած հայտարարում են, որ Ռուսաստանի հետ շարունակում են գործընկերային հարաբերությունները։ Իսկ արդյունքում հնարավոր է, միգուցե և ոչ պատահմամբ, այդ վակուումը լցնի Ադրբեջանը։ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպումը շատ արդյունավետ էր։ 16 փաստաթուղթ է ստորագրվել երկու երկրների համագործակցությանը վերաբերող։

Բաքվի հետ համագործակցության ընդլայնումը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի որոշակի շրջանակներին հասկացնելն է, որ կարող են օգտվել Հայաստանի իրավիճակից և շտապել արցախյան հարցը ուժային ճանապարհով լուծելու գործընթացը։

Բոլոր նշանները ցույց են տալիս, որ այժմ խնդիրը դուրս է եկել հայ-ռուսական հարաբերությունների շրջանակից, չնայած ավելի վաղ Փաշինյանը հանդես էր եկել ինտրիգային առաջարկներով ղարաբաղյան հարցի վերաբերյալ՝ շեշտելով, որ բանակցային սեղան պետք է վերադառնա Ստեփանակերտը, հետո ասես հետ կանգնեց իր խոսքերից, անգամ ներկա չէր Արցախի Հանրապետության անկախության օրվա արարողությանը։

Այս կոնտեքստում հետաքրքիր է Լավրովի վերջին հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ Չնայած որ Փաշինյանի խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է, և իրավիճակը կարող է փոխվել միայն բանակցությունների և փոխհամաձայնության միջոցով։ Հուսանք վարչապետն ու իր թիմը նման աշխատանքներ տանում են։ Թե ինչպես Փաշինյանը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դեռևս պարզ չէ։ Հարց է ծագում այս իրավիճակում ինչպես է Մոսկվան բանակցություններ վարելու Երևանի հետ։ Մոսկվայում ոչ ոք չի թաքցնում, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանով, այդ թվում նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ ձևաչափերում։ Այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերությունները կարող են կտրուկ փոխվել, ղարաբաղյան ուղղությամբ ևս։ Հենց դա է պատճառը, որ Պուտին-Փաշինյան սպասվող հանդիպումը բարդ է լինելու, հնարավոր է նաև՝ կոշտ։ Լավրովի ակնարկները թափանցիկ են»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2475128.html