Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ:

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով` գյուղը կեսգիշերին մոտ ադրբեջանական դիրքերից շուրջ 1 ժամ, որոշ ընդհատումներով գնդակոծվել է։