Թուրքիայի Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին:

Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով որոշ հատվածներում վնասվել են Դիարբեքիրի հնագույն պարիսպները (պատմական հայկական Տիգրանակերտի պարիսպները), տուժել են նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս և հայկական  կաթոլիկ եկեղեցիները, գրում է ermenihaber.am-ը:

Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության բաժնի ղեկավար Նևին Սոյուքայան հիշեցրել է, որ 2015թ. հուլիսի 4-ին  անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Սոյուքայան նշել է, որ այս առումով իրենք հատկապես կարևոր պատասխանատվություն են կրում՝ Դիարբեքիրում գտնվող պատմական հուշարձանների պահպանության համար և ընդգծել, որ Թուրքիայի ղեկավարությանը, որը պետության անունից խոստացել է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող այդ հուշարձանները, Դիարբեքիրի տարածքում որոշակի գործողություններ ձեռնարկելիս պետք է  նկատի ունենա նաև այդ հանգամանքը:

 

Աղբյուրը՝ http://hayernaysor.am/%D5%A4%D5%AB%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%84%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%AB%D5%A3/