Հայաստանում խաշի սեզոնը բացվել է: Հավանաբար, հենց խաշի սեզոնի մեկնարկն էր պատճառը, որ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ ամբիոնից առաջարկեց  դաշնակցության ոտքերը լվանալ ու ջուրը խմել:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա դաշնակների պոռթկման պատճառը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարություններն էին, թե դաշնակները 1918-20թթ. Առաջին Հանրապետությունից «բան չթողին»: Ընկեր Աղվանն էլ ի պաշտպանություն հարազատ կուսակցության, հայտարարեց. «Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողները ամեն օր պիտի Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն: Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր՝ ոչ Երկրորդը կլիներ, ոչ էլ Երրորդը և դուք էլ ոչինչ չէիք կառավարի»:

Սկսենք նրանից, որ Առաջին Հանրապետության դեմ որևէ մեկը որևէ «թթու խոսք» չի ասել, իսկ Բագրատյանի հնչեցրած քննադատությունը վերաբերում էր դաշնակների գործունեությանը, ինչի հետևանքով, ի դեպ, Առաջին Հանրապետությունը կործանվեց: Այնպես որ, դաշնակները հոխորտալու փոխարեն ճիշտ կանեին, եթե պատասխանեին այս հարցերին: Ո՞ր քաղաքական ուժի 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում դատարկվեց Արևմտյան Հայաստանը, որ այն ժամանակ կոչում էին Տաճկահայստան կամ Թուրքահայաստան: Իսկ ո՞ր քաղաքական ուժը կոալիցիա կազմեցին երիտթուրքերի «Իթթիհատ» կուսակցության հետ և դարձավ նրանց իշխանության մաս` կամա-ակամա օժանդակելով հակահայկական ծրագրերի իրականացմանը: Հայաստանյան ո՞ր քաղաքական ուժի ուսերին է 1915թ. Ցեղասպանության պատասխանատվությունը: Պատասխանը պարզ է՝ իհարկե, դաշնակցության:

Իսկ մինչ այդ, Դաշնակցությանը կարելի է հիշեցնել մի քանի պատմական դրվագ՝ կապված հենց Հայաստանի առաջին Հանրապետության հետ:

Մեջբերում ենք հատվածներ հայտնի պատմաբան Լեոյի «Անցյալից» գրքից. «Դաշնակցական պետությունն արդեն հինգ ամսվա գոյություն ուներ, և արդեն շատ պարզ էր, որ նա կարող էր լինել միայն վատուժ, անպտուղ, թշվառ։ Նրա կազմակերպությունն էր այդպես։ Նույնիսկ թևակոխելով «անկախության» բարձունքները՝ Դաշնակցությունը չէր կարողանում ազատագրվել իր հին մեղքից՝ ֆիդայականությունից։   Ընդհակառակը, հենց այս ֆիդայականությունն էլ նա բերում դնում էր իր կազմակերպած պետության գլուխ։ Հայաստանը, լավ թե վատ, բանակ ուներ, սպաներ և գեներալներ ուներ։ Բայց զինվորական բարձր հրամանատարությունը դաշնակցականները հանձնել էին իրենց խմբապետներին, որոնց ենթարկվում էին բանակի ողորմելի գեներալները։

…Պառլամենտարեզմը, որ բուրժուական աշխատավորության գերագույն իմաստուն ձևն էր համարվում, Հայաստանի մեջ այլանդակված ու աղճատված էր։ Խատիսյանը հեռացվել էր, նրա տեղ վարչապետ էր նշանակվել Համո Օհանջանյանը, մի խեղճություն, որ միայն իր դաշնակցական ստաժով էր հեղինակավոր։ Պետությունը անդադար, օր ու գիշեր թալանվում էր։ Այն թալանում էին դաշնակցական մինիստրները, թալանում էին և Բաքվից ու այլ տեղերից դժբախտ լեշի վրա հավաքված գիշատիչները՝ զանազան տեսակի սպեկուլյանտներ և սրիկաներ՝ զանազան արդյունավոր հանձնարարություններ, կոմիսիոներություններ, մենաշնորհներ ստանալով մինիստրներից։ Հայ ինտելիգենցիան բոլորովին չէր ուզում անբաժին մնալ այդ թալանի մեջ։

…Այսպես շարունակել չէր կարելի։ Հայաստանում գործող ոչ դաշնակցական կազմակերպությունները՝ էսէռներ, հայ սոցիալ-դեմոկրատներ, ժողովրդականներ և ռամկավարականներ, ժողովներ կազմեցին, խոսեցին Օհանջանյանի հետ, որ համաձայնեց ունկնդրել նրանց խորհուրդներին և անել, ինչ կարող է։ Այսպիսով կազմվեց միջկուսակցական խորհրդակցություն, որ մշակեց մի հանգամանալի զեկուցում՝ դնելով նրա մեջ բոլոր նկատված պակասությունները և առաջարկելով դրանք վերացնելու միջոցները։ Բայց դաշնակցականները չափազանց գոռոզ էին իրենց ուժով և դիրքով, որպեսզի դեռ շնորհ անեին ականջ կախելու ինչ-որ կողմնակի մարդկանց խորհուրդներին։

Ամեն ինչ մոռանում է դաշնակցականը մի կտոր իշխանություն ձեռքում պահելու համար։ Մի 8-10 օրվա թշվառ վարչապետության համար էր, որ Վրացյանը անասելի աղետ էր բերում հայ ժողովրդի գլխին։ Իր իշխանությունը փոխանակ Կասյանին հանձնելու ու այդպես անհետանալու, նա հանձնում էր Դրոյին, որպեսզի Ալեքսանդրապոլի դաշնագրի խայտառակությունը մինչև վերջին ումպը միայն և միմիայն Դաշնակցությունը վայելի։ Եթե այդքան քառակուսի էր ինտելիգենտ դաշնակցականի գլուխը, ի՞նչ պիտի լիներ ֆիդային, որի համար գերագույն իմաստությունը մաուզեր «կայծելն» էր։ Փոխանակ Ալեքսանդրապոլի պատվիրակությանը հայտնելու, թե նրա լիազորությունները վերջացած են, քանի որ պետական ռեժիմը և իշխանությունը փոխված են Հայաստանում, նա վերջին րոպեին հրաման էր տալիս ստորագրել անառակ պայմանագիրը… Այսպես է եղել հայ ժողովրդի ճակատագիրը ֆիդայականության ձեռքում։

…Վատ թղթամոլի նման ամեն ինչ, նույնիսկ պատիվ տանուլ տված դաշնակցականները փոխանակ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրից հետո գետինը մտնելու և անհայտանալու՝ հույսները հիմա դրել էին Կարաբեքիրի վրա և ուզում էին նրա հետ միանալ ու նրա հետ միասին կռվել Ռուսաստանի դեմ։ Ա՜յս եղանակով պիտի կատարվեր Հայաստանի ազատությունը։ Դաշնակցությունը մեղայական էր կարդում Թուրքիայի առաջ, դատապարտում ու նզովում էր իր ամբողջ անցյալը, իր պապերին ու սրբերին, իր հազարավոր նահատակներին»։

Մի քանի մեջբերում էլ՝ դաշնակցական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ.Յ. դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքից.

«Օգոստոսի 1-ին Երևանում բացվեց Հայաստանի խորհրդարանը և կազմվեց անդրանիկ կառավարությունը: Խորհրդարանը նույն Ազգային խորհուրդն էր՝ անդամների եռապատկված թվով. ավելացել էին սրանց վրա վեց թուրք, մի ռուս ու մի եզդի պատգամավոր: Գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցությանը: Բայց որովհետև մեր խմբակցությունը 47 ձայնից ուներ 18 միայն ու չկարողացավ կապվել մի ուրիշ խմբակցության հետ, խորհրդարանը չունեցավ կայուն կենտրոն ու որոշակի գծված քաղաքական դեմք:

Կայունություն չկար նաև կառավարությունում: Առաջին տասը ամսվա ընթացքում չորս անգամ փոխվեց դահլիճի կազմը (մնալով հանդերձ նույն վարչապետի նախագահության տակ):

Առաջին դահլիճները կոալիցիոն էին (դաշնակցականներ ու ժողովրդականներ, զինվորական նախարարը՝ չեզոք): Բայց կոալիացիան հաստատուն հիմք չուներ տակը, որովհետև չուներ ապահովված մեծամասնություն խորհրդարանում (ժողովրդականները հաճախ բաժանվում էին դաշնակցականներից) ու, որ ամենից էականն էր, չկար ծրագրային որոշակի համաձայնություն կոալիցիայի կուսակցություններրի միջև: Մեծապես խանգարում էր նաև այն դիրքը, որ բռնել էր մեր կուսակցությունը կառավարության հանդեպ:

…Գործնականում, մեր կուսակցությունը ձգտում էր իրեն ենթարկել, իր հսկողության տակ առնել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը: Մենք քաջություն չունեինք (ոչ էլ՝ կարողություն) բացեիբաց կուսակցական դիկտատուրա հայտարարելու: Բայց և չէինք ուզում մնալ խորհրդարանական կարգերի սահմանում ու փորձ էինք անում Հայաստանում իրականացնել Իթթիհատականների գործելակերպը՝ կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձևերի տակ քողարկված:

Իշխանության անհանդուրժելի երկվություն էր առաջ եկել. Հրապարակում խորհրդարանն ու իր կառավարությունը, ստվերում՝ կուսակցությունն ու իր օրգանները:

Հասկանալի է, որ այս երկու կարգի իշխանությունները՝ պաշտոնականն ու անպաշտոնը, կարող էին միայն խանգարել ու կաշկանդել մեկը մյուսին: Ձևական պահանջները թույլ չէին տալիս, որ կուսակցությունը ազատ և արագորեն շարժվի, իր կամքը լրիվ արտահայտի, իսկ կուսակցության միջամտությունը թույլ չէր տալիս, որ կառավարությունն իր գիտեցածն անի, իր գործը տանի:

Հասկանալի է նաև, որ այս դրությունը շատ էր դժվարացնում մի լուրջ ու անկեղծ կոալիցիա կազմելու գործը: Եվ իրոք, կոալիցիայի մեջ մտնող օտար տարրերը հարկադրվում էին վարել մի քաղաքականություն, որ իրենցը չէր, մշակվում էր ու նախագծվում կառավարությունից դուրս, կուսակցական մարմիններում, ուր իրենք չէին կարող ունենալ մուտք ու մասնակցություն»:

«1920թ. մայիսի առաջին օրերին տեղի ունեցան բոլշևիկյան ցույցեր ու ապստամբության փորձեր: … Երկրի համար բոլշևիզմը միանգամայն խորթ բան էր, իսկ դրսի միջամտություն չկար այդ ժամանակ: Բայց և այնպես, շատ բնորոշ է այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ բոլշևիկ երիտասարդներ կարողացան կազմակերպել աղմկալի ցույցեր (նույնիսկ Երևանում՝ կառավարության քթի տակ), քարոզչություն անել զորքի մեջ, Ալեքսանդրապոլում գրավել երկաթուղու կայարանը, տիրանալ զրահակիր գնացքին… Սա ցույց է տալիս, թե որքան թույլ, որքան անտեղյակ ու որքան անփույթ է եղել կառավարությունը»:

«Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում: Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար: Իսկ փաստը՝ պատերազմն էր: Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը:

Պատերազմը վերջացավ մեր կատարյալ պարտությամբ: Մեր բանակը, որ կուշտ էր, լավ զինված ու լավ հագնված, չկռվեց: Զորքերը շարունակ նահանջում էին կամ դիրքերը լքում, զենքերը թափում և ցրվում գյուղերը: Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ  թալանների շնորհիվ: Բարոյալքված էր ու հոգնած: Խմբային ու խմբապետական համակարգը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը: Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը, թուլացած էին ծայր աստիճանի, ու դա անակնկալ էր կառավարության համար: Կառավարությունը և ինքը՝ զինվորական նախարարը, չէին ճանաչում բանակը: Ապա մի ճակատագրական սխալ արեց կառավարությունը. զորքերի թիվը ավելացնելու նպատակով նոր ու նոր զինակոչներ էր անում, զենքի տակ առնում հասակավոր, հոգնած, ընտանեկան ու տնտեական հոգսերով ծանրաբեռնված մարդկանց, հապճեպ ձգում ուսերին զինվորական վերարկուն, հրացանը ձեռն առնում ու անմիջապես ճակատ ուղարկում: Պատրաստի դասալիքներ էին սրանք, որ մի ավելորդ բարոյալքում ու կազմալուծում էին մտցնում զորական շարքերում»:

Մեջբերումները կարող ենք շարունակել: Բայց այսքանն էլ բավական է՝ պատկեր կազմելու Հայաստանի առաջին Հանրապետության օրոք դաշնակցական բոսսերի վարած քաղաքականության մասին:

Արման ԳԱԼՈՅԱՆ

 

http://newsline.am/am/news/view/17845.html