Պատգամավորի՝ Արեւմտյան Հայաստանին վերաբերող օրենքի նախագծին կառավարությունը հավանություն չի  տա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպա­տա­կա­հարմար չի համարում Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը եւ ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Զարուհի Փոստանջյանը կառավարությանն էր ներկայացրել մի օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է Արեւմտյան Հայաստանին: Խոսքը «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) ե  հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրեն­­ք­ի նա­խա­գծի մասին է: Նախագծի մերժման փաստաթղթում կառավարությունն ԱԺ-ին տեղեկացնում է, որ օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուց­մամբ հանդես կգա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարությունը չի նշում, թե ինչ հիմնավորմամբ է մերժում պատգամավորի նախագիծը: Օրենքի նախագծում որպես քաղաքական հիմնավորման մեջ գրված է՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, որպես ինքնիշխան պետություններ, որոնք վերականգնել են իրենց պետականությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, պարտավոր են հայ ժողովրդին պատկանող բոլոր տարածքների վերադարձման պետական քաղաքականություն իրականացնել: Հայկական պետական քաղաքականությունը պետք է նաեւ իրականացվի հայ ժողովրդի պատմական տարածքների բռնազավթումը եւ Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրենքի ընդունմամբ: Այսօրվա հրամայականն է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ուժով Թուրքիայի Հանրապետության դատապարտումը՝ Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Արեւելյան Հայաստանի (զգալի մասը) տարածքների բռնազավթման եւ հայերի Մեծ հայրենազրկման իրողության վերաբերյալ: Դեռեւս Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բռնազավթված տարածքների վերադարձի համար հայ ժողովուրդը պետք է իրականացնի հետեւողական պետական քաղաքականություն: Մեր պատմական հայրենիքի ողջ տարածքում հայոց պետականության վերականգնման խնդրում յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր է ունենալ իր մասնակցությունը, իսկ հայկական պետական հաստատությունները, իրենց լիազորությունների շրջանակում, պարտավոր են իրականացնել ծրագրային քաղաքականություն: 1920-ական թվականներին սկիզբ առած եւ 1965 թվականից Խորհրդային Հայաստանի Հանրապետությունում, ապա նաեւ ողջ աշխարհում առաջացած պահանջատիրական շարժումը՝ հայերի ցեղասպանության դիմաց Թուրքիայի Հանրապետությունից արդարացի փոխհատուցում եւ բռնազավթված տարածքների վերադարձման պահանջի առաջքաշումը, մինչ օրս չի ստացել հայկական պետական քաղաքականության կարգավիճակ: Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առանցքային խնդիրը Թուրքիայի Հանրապետության կողմից հայ ժողովրդին պատճառված տարածքային եւ նյութական վնասի հատուցումն է: Հայ ժողովուրդն իր բնականոն զարգացումն ապահովելու համար պետք է հնարավորություն ունենա վերահաստատվելու իր պատմական հայրենիքում՝ հայկական պետականության ներքո, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմանների վերաձեւման միջոցով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/04/625630/?utm

© 1998 — 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից