Նոյեմբեր 18, 2015

Մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտվում կիսավեր նախկին մզկիթը: Դրա մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ եւ «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատկվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին տեղական թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկեվիչի կողմից, եւ անցել Ռուսական կայսրությանը: Դրանից հետո այն որեւէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, եւ անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակի ընթացքում Ջավախքի եւ Բորչալուի վրայով բազմաթիվ կոմունիկացիոննախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, Ղարս-Ախալքալաք-Ծալկա-Թբիլիսի ավտոմայրուղին եւ այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Ի արդյունք այս ամենի Աջարիայում, Բորչալվում, Ջավախքում (եւ Վրաստանի Հանրապետության հարավում, ընդհանրապես) օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը», փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը, եւ դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ էլ ավելի հատկանշական է այն, որ երբ Ախալքալաքում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան: Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էրպատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա այդ գրություններըծածկող-ջնջող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում:

Մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Արմեն Գրիգորյան, Ախալքալաք

 

Պանթուրքիստական գրություններ Ախալքալաքի բերդի ավերակներում