Ջավախքյան ավանդական նիշաստան հնուց պահպանված հայկական քաղցրահամ ճաշատեսակ է, որը պատրաստում են միայն այստեղ: Այն հայտնի չէ ամբողջ աշխարհով, բայց հարուստ է բազմաթիվ օգտակար հատկություններով:

Կուլիկամ գյուղում կանայք նիշաստա սկսում են դնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ցորենի բերքահավաքից հետո: Տաք եղանակին կանայք կաթսաների մեջ ցորեն ու ջուր են լցնում և դնում արևին: Կաթսայի 25 տոկոսը պետք է ցորենով, իսկ մնացած մասը՝ ջրով լցված լինի: 40 օր շարունակ Հասմիկն ամեն առավոտ ցորենի ջուրը փոխում է: Եթե ցորենի հատիկի ծայրը սպիտակել է, ուրեմն նիշաստան հասել է:

Հասմիկ Այվազյանը, ինչպես ինքն է ասում «նիշաստա դնել» սովորել է իր ամուսնու տատից: «Նա սովորեցնում էր, ամեն օր մեզ ցորենի ջուրը փոխել էր տալիս: Հիշում եմ քամելու օրը հարևանների հարսներին էլ էր հավաքում և սովորեցնում»,- պատմեց նա:

Ջրի մեջ հասած, ուռած ցորենը նախկինում կանայք ձեռքով էին ծեծում (ճզմում), որպեսզի սպիտակույցն առանձնանա թեփից: Այսօր արդեն այն մսաղացով են աղում և մի քանի անգամ քամում, որպեսզի ցորենի թեփը չանցնի նիշաստային:

«Քամում ենք, չեչը մնում է մաղի մեջ, իսկ սպիտակույցն անցնում է տակը: Թասերի մեջ ենք լցնում, վրան ջուր ավելացնում, հետո ամեն օր երեսի ջուրը թափում, տակը մնում է սպիտակ մասսան»,- ասաց Հասմիկը:

01

Հենց սպիտակ գույնի զանգվածը մի քիչ պնդանում է, մաքուր կտոր են փռում վրան մի քանի շերտ, որի վրա էլ մոխիր են ցանում, որպեսզի խոնավությունը քաշի: Այնուհետև նիշաստան կտրտում են և չորացնում:

Նիշաստա ստանալու ամբողջ գործընթացը մոտ երկու ամիս ժամանակ է պահանջում:

Կես դար առաջ նիշաստան Ջավախքի Կուլիկամ գյուղում ապրող Այվազյանների ամբողջ գերդաստանը հավաքում էր մի սեղանի շուրջ: Մեկ օր առաջ բոլոր բարեկամները տեղեկանում էին, որ առավոտյան Հոռոմ տատը նիշաստա է եփելու:

«Հիշում եմ այդ օրերին սեղանի շուրջ տեղ չէր լինում նստելու: Երեխաներն ու տան հարսները սպասում էին, որ սկզբից տան մեծերը ուտեն նոր մնացածները սեղան նստեն»,- պատմում է Հասմիկ Այվազյանը, ավելացնելով. «Հոռոոմ տատը միշտ ասում էր՝ նիշաստա կերեք, որ առողջ լինեք: Հատկապես երկար ճանապարհ գնալուց առաջ, որովհետև ամբողջ օրվա համար բավարար է 3 գդալ հասութան»:

Ջավախքի տարբեր գյուղերում նիշաստան տարբեր անվանում ունի՝ հասութա, փալուզա և այլն: Այն լայն տարածում ունի Կուլիկամ գյուղում, այստեղ գրեթե բոլորը նիշաստա են դնում ձմեռվա համար: Կան մարդիկ որ վաճառում են: Ախալքալաքի շուկայում նիշաստա վաճառողները Կուլիկամից են: Նիշաստայի մի կիլոգրամը արժե միջինը 20 լարի: Տեղացի բժիշկները երեխաների աղիքային խնդիրների ժամանակ խորհուրդ են տալիս նիշաստա օգտագործել: Լինում է, որ Ռուսաստան տեղափոխված ջավախքցիները դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ձեռք բերեն ջավախքյան նիշաստան իրենց երեխաների համար:
02
Նիշաստայից ճաշատեսակ պատրաստելու համար, այն նախօրոք թրջում են ջրով: Երբ նիշաստան լուծվում է ջրի մեջ և դառնում միատարր խառնուրդ, ուրեմն պատրաստ է եփելու համար: Պատրաստի խառնուրդի վրա ավելացնում են շաքար, յուղ և եփում են: Քաղցրահամ ջավախքյան այս ուտելիքի բուժիչ հատկությունները բազմաթիվ են: Ցորենը շատ հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից, վերականգնում է ողջ օրգանիզմը և վնասված հյուսվածքները: Այն իր մեջ պարունակում է շատ օգտակար վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը և նրա սնուցմանը: Նիշաստան օրգանիզմում կարգավորում է նյութափոխանակությունը, վերականգնում և ամրացնում է իմունիտետը, արյունը հարստացնում է անհրաժեշտ էլեմենտներով և թթվածնով: Ջավախքյան ավանդական այս ուտեստն առաջին հերթին խորհուրդ է տրվում երեխաների համար:

Հասմիկը խորհուրդ է տալիս գլխացավով տառապող մարդկանց անպայման նիշաստա օգտագործել: «Սա բնական դեղամիջոց է: Եթե մարդը մեկ շաբաթ, ամեն առավոտ մեկ բաժակ ջրով թրջած նիշաստա խմի կմոռանա գլխացավերի մասին»,- ասում է նա:

Ջավախքի սահմաններից դուրս նիշաստայի մասին շատ քչերը գիտեն: Մեր զրուցակիցը ծիծաղը դեմքին պատմում է տարիներ առաջ տեղի ունեցած մի զվարճալի պատմություն կապված նիշաստայի հետ:

«Մի անգամ Գյումրիի շուկայում կանգնած նիշաստա ենք վաճառում, մեկ էլ մի կին մոտեցավ ավելը ձեռքին՝ աղջիկ ջան ինչ արժի, ու սկսեց նիշաստան ավելի վրա շարել: Զարմացած նայում էի, վերջացրեց շարն ու ասաց՝ տանեմ ջրով թրջեմ պոպոկը լցնեմ մեջը: Էդ ժամանակ չկարողացա ինձ զսպել ու սկսեցի ծիծաղել, խեղճ կինը գիտեր, թե կիր (քիրաջ) է»:
03

Աղունիկ Այվազյան

http://jnews.ge/am/?p=3833#.Vk9cGnYrJD-