Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վերջին շաբաթվա լարումը կապված է թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման, թե՛ թուրք-ադրբեջանական դաշինքի առջև ծառացած վտանգավոր իրավիճակով: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

 

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը, Թուրքիային դրել է շատ ծանր վիճակի մեջ թե՛ ներքին առումով, թե՛ արտաքին: Այս իրավիճակում Ադրբեջանը զգում է, որ ինքն էլ, որպես տեռորիստների պատրաստող ու սնող, կանգնելու է խնդիրների առաջ: Հենց դրա համար, փորձելով սրել ղարաբաղյան կոնֆլիկտը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնում է ղարաբղյան կոնֆլիկտի վրա և փորձում շեղել ուշադրությունը վտանգավոր զարգացումներից: Օգտագործվող զինատեսակի տրամաչափի մեծացումը և հաճախակիացումը կապված են դրա հետ»,-ասաց նա:
Վահան Շիրխանյանն ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական դաշինքն այլևս այն չէ, ինչ կար մինչև նոյեմբերի 24-ը՝ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռի խոցումը, ինչը թուլացնում է և՛ Թուրքիային և՛ Ադրբեջանին:

 

«Այն բոլոր սպառնալիքները, որ այսօր կախված են Թուրքիայի գլխին, վաղը կարող են տեղափոխվել նաև Ադրբեջանի գլխին: Ադրբեջանը շտապում է ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը շեղել թուրք-ադրբեջանական համատեղ գործունեությունից՝ տեռորիստներին սնելու, պատրաստելու գործից ղարաբաղյան խնդրի վրա: Սա նոր իրավիճակ է և կապված է ռուս-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վերջերս հայտնի դարձած փաստին, որ Ադրբեջանը սահմանին սկսել է տանկեր կիրառել, ապա Վահան Շիրխանյանը նշեց, որ դա հակառակորդի ճարահատյալ քայլերից մեկն է:
«Նրանք փրփուրներից կախվելու հնարներն են անում, իսկ Հայաստանի պատասխանը պետք է լինի այդ հենակետի ոչնչացումը, և էլի մի քանի հենակետերի ոչնչացում, ինչը արվել է մինչ օրս և շատ պատվով է արվել: Ցավալին մեր մարդկային կորուստներն են»,-ասաց նա:

 

http://www.tert.am/am/news/2015/12/13/shirkhanyan/1872884