Ելույթ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձի միջոցառմանը Ստեփանակերտում:

Հարգելի հայրենակիցներ.

 

Վերջին տասնամյակներին հայությունը միասնաբար դիմագրավել է հիմնական երկու մարտահրավերների, դրանք են ագրեսիայի, պատերազմի ու շրջափակման իրողությունների ու դրանց հետեւանքների հաղթահարման, ՀՀ-ի անվտանգության, ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման, Արցախի հայության ու Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության ամրապնդման, ինքնորոշման իրավունքի իրականացման ու հաստատման եւ այլ հարակից խնդիրներ:

 

Ներկայում դրանց գումարվել են եւս երկուսը. Մերձավոր Արեւելքի հայությանն ու Արեւմտյան Հայաստանին ուղղված  մարտահրավերները:

 

Բարեբախտաբար այս ուղղությամբ նույնպես վերջին տասնամյակում իրականացվել են հատուկ աշխատանքներ: Մասնավորապես, 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին համացանցում նախօրոք իրականացված ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ:

 

Այստեղ պետք է հատուկ նշել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006–ից ի վեր իրականացված աշխատանքները եւ դրա հիման վրա ստեղծված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը: Այս իրավական — քաղաքական հիմքի վրա է ձեւավորվում Արեւմտյան Հայաստանի պետական համակարգը, որի միջոցով էլ իրականացվում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը:

 

Հիշենք նաեւ, որ Հայկական Հարցի լուծման նպատակով 1918-20 թթ. այդ ուղղությամբ ընդունվել են որոշումներ, կնքվել պայմանագիր, կայացվել իրավարար վճիռ:

 

Համառոտ թվարկենք դրանցից մի քանիսը.

-1918 թ. հունվարի 11–ին Ռուսաստանի կողմից ընդունվել է «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի-հեղ.) դեկրետը, որի հատուկ դրույթը զետեղվել է 1918 թ. հուլիսի 10–ի ՌՍՖՍՀ Սահմանադրության 6–րդ հոդվածում:

 

-1919 թ. Կոստանդնուպոլսի ռազմական ատյանում տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի իշխող վերնախավի՝ երիտթուրք պարագլուխների, դատավարությունը՝ Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ Օսմանյան կայսրության հայազգի հպատակների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքներով:

 

-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվել է Սեւրի Խաղաղության պայմանագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին:

 

-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրել է  Իրավարար վճիռ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ:

 

Բերված օրինակները ցույց են տալիս հայության իրավունքների փաթեթի իրական ծանրակշռությունը եւ դա պաշտպանելու ու իրականացնելու խնդրում մեկ ընդհանուր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը:

 

Իրականում այս ամբողջը կարելի է ձեւակերպել նաեւ, որպես հայության իրավունքների պաշտպանության գործընթացի նոր օրակարգ Հայաստանի նկատմամբ:

 

Օգտվելով ընձեռված առիթից՝ ջերմորեն ողջունում ենք Արցախի հերոս ժողովրդին, արցախահայության հոգեւոր ու մշակութային, քաղաքական ու պետական բոլոր կառույցների մշակներին եւ պատասխանատուներին:

 

Շնորհակալություն Ձեր կատարած ամբողջ գործի համար:

Շնորհակալություն, որ միասին ենք:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

18.12.2015 թ.