ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի 11-րդ տարեդարձերի կապակցությամբ Ստեփանակերտում կայացել է հիմնադրամի պատրաստած «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանն իր օրհնությունն է բերել Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Սամվել Մհերյանը նշել է, որ հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին:

«Խնուս» մշակութային հիմնադրամն իր գործունեության 10 տարիների ընթացքում իրագործել է հոգևոր-հայրենասիրական տասնյակ նախագծեր ու միջոցառումներ՝ արժանանալով ճանաչման ու բարձր գնահատանքի: Իրականացված նախագծերից են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի քարտեզը, իմ հեղինակած «Մենավոր բազեն» պատմավեպը, «Եդեմի պարտեզը» վավերագրական ֆիլմը, «Ճշմարիտ լույսը» և «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուն: Հիմնադրամի նախագծերին մասնակից են դարձել արմատներով բազմաթիվ խնուսցիներ և Մեծ եղեռնը վերապրած հայորդիների զավակներ, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտասահմանում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում,- մանրամասնել է Ս. Մհերյանը և ավելացրել,- իմ մտահղացմամբ նկարահանված «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի նկարահանումները տևել է 7 օր: Նպատակ ենք ունեցել իրականացնել հոգևոր-հայրենասիրական ևս մեկ քարոզչություն:

Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Այն առայժմ ներկայացված է միայն հայերեն տարբերակով: Առաջնահերթ առաջիկայում նախատեսում ենք թուրքերենով թարգմանել, քանի որ Մուշում ու Խնուսում մեծ թվով հայեր են ապրում, ովքեր չեն հասկանում հայերենը»:

«Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գևորգյանի ուխտագնացությունը դեպի Էրգիր՝ բոլոր հայերիս երազների աշխարհը: Անցնելով պատմական հայրենիքի մի քանի քաղաքներով` Անիով, Կարսով, Վանով, Բիթլիսով, Մուշով, ուխտավորները վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը և գտնում հայորդի երախտավոր Արամ պապի տունը:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության (ԱՀՀ)  և Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը նշել է, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության համար իրականացվող աշխատանքներն սկսվել են 2004 թվականին, երբ Շուշիում հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը:

«2011-2014 թվականներին ձևավորել է Արևմտյան Հայաստանի պետական կառույցները (Կառավարություն, Ազգային Ժողովը (Խորհրդարան), Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտ)»,-ասել է Ա. Աբրահամյանը:

Ներկայի մարտահրավերների դիմակայության ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Արևմտյան Հայաստանի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը:

«Վերջին տասնամյակներին հայությունը միասնաբար դիմագրավել է հիմնական երկու մարտահրավերների, դրանք են` ագրեսիայի, պատերազմի ու շրջափակման իրողությունների ու դրանց հետևանքների հաղթահարման, ՀՀ-ի անվտանգության, ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման, Արցախի հայության ու Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության ամրապնդման, ինքնորոշման իրավունքի իրականացման ու հաստատման և այլ հարակից խնդիրներ: Ներկայում դրանց գումարվել են ևս երկուսը. Մերձավոր Արևելքի հայությանն ու Արևմտյան Հայաստանին ուղղված մարտահրավերները»,-ընդգծել է Տ. Փաշաբեզյանը և հավելել, որ պետք է հատուկ նշել Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից ՄԱԿ–ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006 թվականից ի վեր իրականացված աշխատանքները և դրա հիման վրա ստեղծված Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության և քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա է ձևավորվել Արևմտյան Հայաստանի պետական համակարգը: Արևմտյան Հայաստանի կառավարության վարչապետը խոսել է նաև Սևրի պայմանագրի մասին, ընդգծելով Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռը՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի, Հայաստան դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ հարցերը:

Հանդիպման ավարտին Տ. Փաշաբեզյանը շնորհակալություն է հայտնել Արցախի հերոս ժողովրդին, արցախահայության հոգևոր ու մշակութային, քաղաքական ու պետական բոլոր կառույցների մշակներին ու պատասխանատուներին:

Միջոցառմանը նեկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀՀ կառավարության սպորտի հարցերով պատասխանատու Վարդան  Կալամքերյանը,  պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք:

 

http://artsakhpress.am/arm/news/34070/stepanakertum—kayacel—e—tundardzi-tchampan-pastagrakan-filmi-shnorhandesy.html