Դեկտեմբեր 25, 2015

Մեր ընթերցողները հավանաբար նկատել են, որ վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում թուրք մեսխեթցիների հանրությանը նվիրված լուրեր: Ընդ որում, դրանք ստացվում են ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից ու Ռուսաստանից: Ջավախք Մեդիայի վերլուծական բաժինը այս ակտիվացման պատճառները իմանալու համար դիմեց Ջավախք Մեդիայի ջավախքյան խմբագրության գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ պրն. Էդուարդ Այվազյանին

Ջ.Մ.– Պրն. Այվազյան, վերջին շրջանում հաճախակի են դարձել թուրք մեսխեթցիների հանրության մասին լուրերը: Մասնավորապես, մենք վերջերս անդրադարձանք Թուրքիայում նկարահանված «Büyük Sürgyün Kafkasya» («Կովկասի մեծ բռնագաղթը») ֆիլմին եւ թուրքական դեսպանատան հրապարակմանը: Սա պատահակա՞ն զուգադիպություն է, թէ՞ կան այս հարցը ակտիվացնելու ավելի լուրջ քաղաքական եւ տնտեսական հիմքեր:

Է. Այվազյան – Քաղաքականության մեջ կարծում եմ չկան պատահականություններ եւ, մանավանդ, թուրքական քաղաքականության: Ճիշտ եք նկատել, որ թուրք մեսխեթցիների մասով ակտիվացում կա, չնայած մեսխեթցիների հարցը երբեք էլ հանված չէր օրակարգից: Ուղղակի հիմա Թուրքիան շատ ավելի ակտիվ է բոլոր ասպարեզներում: Հիմա տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան գնում նավթը ահաբեկչական խմբավորումներից Սիրիայում եւ Իրաքում: Ինչպես է ներխուժել Իրաքի տարածք եւ ինչպես է ոչնչացնում քրդերին իր սեփական տարածքում: Պատահական չէին նաեւ սադրանքը ռուսական ինքնաթիռի հանդեպ  ու Թուրքիայի աշխատանքները Ղրիմի թաթարների ուղղությամբ: Եւ այսպես կարելի է թվարկել շատ ու շատ այլ գործընթացներ, որոնց մեջ ներկա պահին ընդգրկվել է Թուրքիան: Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Թուրքիան իր քայլերով փորձում է վերաստեղծել Օսմանյան կայսրությունը եւ եթե այս համատեքստում նայենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Սամցխե-Ջավախքը այսօր հանդիսանում է այն միջանցքը, որը ըստ իրենց ծրագրի կապելու է Թուրքիան Ադրբեջանին, ինչով եւս մի քայլ է արվում թյուրքական ցեղերի ծրագրերի իրականացման մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը ավելի խոր շրջափակման մեջ է հայտնվում: Աջարիայում եւ Քվեմո-Քարթլիում թուրքական ներկայությունը ահռելի: Ուստի թուրք մեսխեթցիները այս պահին հարմար գործիք են կամաց-կամաց տիրանալու այս կարեւոր աշխարհագրական միջանցքին,որը հայերս անվանում ենք Ջավախք: Ի տարբերություն մեզ, թուրքական երկու պետությունները այս ուղղությամբ տանում են պետական ծրագիր եւ մեծ ֆինանսներ են ներդնում դրա իրականացման համար: Կրկին մոտենալով բուն հարցին ասեմ, որ ընդամենը երկու ամիս է ինչ ինտերնետային դաշտը նոր թափով հեղեղվել է թուրք մեսխեթցիների մասին լուրերով: Մեկ Վոլգոգրադում կազմակերպում են ցույցեր՝ խնդրելով Ռուսաստանի նախագահին նպաստել իրենց վերադարձին Ջավախք, մեկ կռիվներ են բացում Ռոստովի մարզում կրկին ուշադրության արժանանալու համար: Հետո լուրեր եղան, որ Թուրքիան որոշել է Կարս տեղափոխել Ղրիմում բնակվող թուրք մեսխեթցիներին, հիմա էլ թուրքական դեսպանատան հրապարակումը եւ ահա նաեւ «Büyük Sürgyün Kafkasya» ֆիլմը, որին ծանոթացա Ջավախք Մեդիայում Աննայի հրապարակումից: Եւ այս ամենը համընկնում է այսպես կոչված Իսլամական Պետության ակտիվացման հետ ու տասնյակ այն դեպքերին, որոնց ականատեսն ենք լինում մենք այսօր Վրաստանի ջավախքյան սահմանակետերին, երբ խմբովի փորձեր են արվում ապօրինի խախտելու Վրաստանի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների կողմից:

Ջ.Մ.– Քանի որ անդրադարձանք այդ կետին, կարող եք բացատրել, թէ ի՞նչ է իրենից ներկայացնում թուրք մեսխեթցիների հանրությունը: Դա որոշակի էթնոս է, թէ՞ տարբեր ծագման ազգագրական խմբերի հանրություն:

Է. Այվազյան – Շատ հետաքրքրի հարց է, որը պետք է ուղղել պատմաբաններին: Ջավախքը թուրքական տիրապետութան տակ է ընկել բավական ուշ՝ միայն 16-րդ դարում: 1628 թ. Օսմանյան կայսրությունը ձեւավորեցԱխալցխայի փաշայությունը, եւ սկսեց այստեղ բերել թուրք եւ, մասամբ, քուրդ վերաբնակիչների: Դրան զուգահեռ ընթանում էր տեղի բնիկ վրացիների եւ հայերի մասնակի իսլամացում/թուրքացում: Սա տեւեց մինչեւ 19-րդ դարի սկիզբը, երբ երբ Ջավախքը անցավ Ռուսական կայսրությանը: «Թուրք-մեսխեթցի» ասելով հասկանում են թուրքական, քրդական, վրացական եւ հայկական արմատներ ունեցող այդ հանրությանը: Թուրքիան, սակայն, վերաբերվում է նրանց որպես ինքնուրույն էթնոսի, որը պիսի հայրենադարձվի Ջավախք (ինչպես, ասենք, հրեաները հայրենադարձվում են Իսրայել, հայերը՝ Հայաստան, իսկ ռուսաստանի գերմանացիները՝ Գերմանիա):

Ջ.Մ.– Կոնկրետ այս պահի դրությամբ քանի՞ ընտանիք է վերաբնակեցվել Ջավախք: Ջավախքի ո՞ր հատվածում են նրանք առավել շատ: Վերաբնակեցված մահմեդականները արդեն ունե՞ն իրենց մզկիթները:

Է. Այվազյան – Թուրք մեսխեթցիները հիմնականում բնակեցվել են Ախալցխայի շրջանի Տավառնի կոչվող թաղամասում: Մշտական բնակվողների թիվը կազմում է մոտ 90 հոգի, սակայն Ադրբեջանից ու Թուրքիայից նրանց հաճախակի հյուրերի թիվը դժվար է հաշվել: Տեղափոխվածների հիմնական մասը Ադրբեջանի քաղաքացիներ են: Ներկա դրությամբ օրինական ոչ մի մզկիթ չունեն, բայց իմ տեղեկություններով տվյալ թաղամասում ունեն շինություն, որը օգտագործում են որպես աղոթարան: Դրանից բացի, Ախալցխայում Սահակաշվիլին ինչպես ժողովուրդն է ասում թուրքական փողով “վերանորոգեց” Ռաբաթի բերդը: Ջնջեցին հայկական հետքերը եւ դրանց փոխարեն ավելացավ թուրքական ոճը ու մզկիթի գմբեթը շողաց ոսկու գույնով: Դա շատ բանի մասին է խոսում:

Ջ.Մ.– Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճը կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ թուրք մեսխեթցիների հարցի վրա:

Է. Այվազյան – Կարծում եմ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճը եւ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններին օժանդակությունը կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի ապագայի վրա եւ այս առումով նաեւ թուրք մեսխեթցիների վրա: Ոչ միայն Ռուսաստանը այլ նաեւ ողջ համաշխարհային հանրությունը մի մեծ խաղ է սկսել Թուրքիայի հետ, որի հետեւանքները դժվար է գուշակել, սակայն բոլորի համար պարզ է, որ Թուրքիային այս անգամ ոչ ոք թույլ չի տա խաղալ սեփական խաղը մինջեւ վերջ, եւ դեպքերը կընթանան գերտերությունների կողմից գրված սցենարով: Ցավոք հավանականությունը բավականին մեծ է, որ տվյալ խաղերին կամա թե ակամա մաս կազմի նաեւ մեր տարածաշրջանը եւ թուրք մեսխեթցիների, աջարների ու Մառնեուլի ադրբեջանցիների գործոնը անպայման կօգտագործվի լարվածության աճի պայմաններում:

Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը, որպեսզի ոչ մի սադրանք տեղի չունենա մեր շրջանում, սակայն, եթե անկեղծ լինեմ, չեմ տեսնում, որ երկու երկրներն էլ լիարժեք գիտակցում եմ տվյալ վտանգը: Ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, մենք ոչ մի ռեալ բան չենք ձեռնարկում հայ-վրացական գործոնի ամրապնդման համար:

Ջավախք Մեդիայիա, Ախալցխա, Ջավախք

 

Ինչո՞ւ են ակտիվացնում թուրք մեսխեթցիների հարցերի արծարծումը. hարցազրույց Էդուարդ Այվազյանի հետ