Ախալքալաքի տեղական ինքնակառավարության ներկայացուցիչները համարում են, որ Վրաստանի «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները խախտում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Այսօր Ախալքալաքի շրջանային վարչությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց վերջերս Վրաստանի «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները: Հավաքվածները իրենց դժգոհությունը հայտնեցին ընդունված օրենքի վերաբերյալ և պատրաստվում են առաջարկ նամակով դիմել երկրի բարձրագույն իշխանություններին:

Վարչության նիստերի դահլիճում էին հավաքվել Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, գյուղապետեր, հասարակական ու քաղաքական գործիչներ և այլք: Վերջիններս քննարկում էին 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված և արդեն 2016 թվականին ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները միավորված են որպես մեկ մեծամասնական ընտրատարածք և խորհրդարանում ներկայացված կլինեն միայն մեկ մեծամասնական պատգամավորով: Այսինքն Ջավախքից նախկին երկու մեծամասնական պատգամավորի փոխարեն կլինի՝ մեկը:

01Վրաստանի օմբուդսմենը նյութեր է ներկայացրել Սահմանադրական դատարանին, ըստ որոնց կան ընտրատարածքներ, որտեղ մեկ պատգամավորին 50 000 ընտրող է ընտրում, իսկ մեկ ուրիշ տարածքում՝ 5 000: Այսինքն խախտվում են ժողովրդավարության հիմնական սկզբունքները: Սահմանադրական դատարանը ի վերջո հաստատել է մեկ քվոտա՝ 47 500 ընտրող մեկ տարածքում: Այդ իսկ պատճառով փոխվել են ընտրատարածքների սահմանները:

Նոր օրենքի համաձայն փոփոխվել է նաև պատգամավորի հավաքած ձայների մինիմալ շեմը: Եթե նախկինում մեծամասնական պատգամավոր ընտրվելու համար թեկնածուն մինիմում 30 տոկոս ձայն հավաքելու դեպքում պատգամավոր էր դառնում, հիմա արդեն մինիմումը՝ 50 տոկոս է:

2020 թվականից ընտրությունները լինելու են միայն համամասնական համակարգով իսկ մեծամասնական համակարգը էլ չի գործելու:

Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի կարծիքով կատարված փոփոխությունները լիովին ժողովրդավարական են, սակայն այստեղ հաշվի չի առնվել ազգային փոքրամասնությունների իրավունքները:

«Եթե ելնենք դեմոկրատական սկզբունքից, սա ճիշտ է: Բայց կա մի բան, որ Սահմանադրական դատարանում չքննարկեցին ու անուշադրության մատնեցին Վենեցիայի հանձնաժողովի երաշխավորությունը: Վենեցիայի կոմիսիայի երաշխավորության համաձայն ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում ընտրատարածքները պետք է թողնել նույն սահմանների մեջ, որ չխախտվի ազգային փոքրամասնությունների իրավունքները»,-ասաց Սամվել Պետրոսյանը:

Շրջանային ժողովի պատգամավոր Մանվել Սաղաթելյանը համարում է, որ այս հարցում անհրաժեշտ է ժողովրդի կարծիքը հաշվի առնել:
«Սա հապճեպորեն ընդունված որոշում է, նախատոնական որոշում, որպեսզի ժողովրդական մասաները տեղյակ չլինեին: Նախքան որոշում ընդունելը ժողովրդի մոտ հանրաքվե անցկացնեին այդյո՞ք ժողովուրդը համաձայն է»,- կարծիք հայտնեց Մանվել Սաղաթելյանը:

Հանդիպման ներկաները առաջարկեցին պահպանելով Վենեցիայի համաձայնագրի հիմնական սկզբունքները՝ Նինոծմինդան ու Ախալքալաքը առանձին-առանձին թողնել:
«Ամբողջ Ջավախքը դարձնում են ընդամենը մեկ մաժորիտար պատգամավոր, իսկ Մառնեուլը բաժանում՝ երկու են սարքում, ինչպե՞ս հասկանանք սա: Մենք խորհրդարանում մի ձեռք ենք ունենալու: Աղջիկ ուզելու, որ գնում են հորն են հարցնում՝ կտա, թե ոչ, սրանք փախցնում են, 17 գյուղ փախցնում են»,- ասաց Կարծախի տարածքի պատգամավորը:

03«Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները անձամբ պատգամավորը ևս ընդունել է բացասական և այն որակում է որպես սխալ օրենք:
«Սա անձի խնդիր չէ, տպավորություն չստեղծվի թե սա Պետրոսյանի համար է: Արդարությունը պետք է վերականգնվի: Մեր տարածքի 30 տոկոսը տեղափոխել են Բորժոմի ընտրատեղամաս: Ժողովրդի մեջ մեծ դժգոհություն կա, թե ինչու՞ երկու մեծամասնական պատգամավորից մեկը պիտի ունենանք, ինչու՞ պիտի 17 գյուղ տանք Բորժոմին, սա ժողովրդի կարծիքն է: Ժողովրդի մոտ մտավախություն կա»,- իր խոսքում նշեց Պերտոսյանը:

Ախալքալաքի շրջանային ժողովում Բարալեթի տարածքի պատգամավոր Մերուժան Մարաբյանը մտավախություն ունի, որ «Ընտրական Օրենսգրքում» կատարված փոփոխությունները հեռահար լուրջ վտանգներ են պարունակում:
«Այստեղ ներկաների կողմից օրենքը ընդունելի չէ, մենք ոչ մի պետական թշնամանք չունենք: Իմ կոչն է բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին միավորվել: Որպես պատգամավոր վերջին ժամանակներս եղել եմ մի քանի գյուղերում, ինձ հարցնում են մեզ միացնում են հա՞, ի՞նչ երաշխիք կա, որ հետագայում այս տարածքները չեն միացնի Բորժոմի շրջանին, սա ոչ միայն 17 գյուղի խնդիրն է այլ ամբողջ բնակչության»,- տեսակետ հայտնեց Մերուժան Մարաբյանը:

«17 գյուղ առանց հարցնելու կամ տեղյակ պահելու առնել ու տանել միացնել ուրիշ տարածաշրջանի, և հսկայական երկու շրջաններ թողնել մեկ պատգամավորի ուսերին: Ժողովուրդը չի հասկանում մաժորիտար ընտրատարածք հասկացողությունը, նա հասկանում է՝ 1 գյուղ պոկում տանում են»,- ասաց Կուլիկամի պատգամավոր Սարգիս Ուզունյանը:

«Մենք բոյկոտում ենք և հայտարարում, որ ընտրություններին չենք մասնակցի: Ինչպես են մտածում, 400 կմ ինչպես ենք գնալ-գալու մի խնդրի համար, եթե հանկարծ պատգամավորն էլ տեղում չեղավ՞»,- ասած Կաճոյի գյուղապետը:

Պատգամավոր Զաքար Զաքարյանը դիմելով Ախալքալաքի շրջանային ղեկավարությանն ու խորհրդարանի պատգամավորին ասաց. «Մեր թագավորները դուք եք, ինչի՞ 1000 ձայն չեն տալիս Ախալքալաքին, բայց 7000 ձայն տանում են, ձևակերպեցեք վերն եք նստել: Այստեղ պատգամավորի հարց չէ, այլ մեր տարածքի: Կատակ բան չէ 17 գյուղ այսօր ընտրության են տվել, վաղը կմիացնեն այլ վարչության»:

02Գրեթե 3 ժամ տևած բուռն քննարկման արդյունքում ներկաների կողմից որոշում ընդունվեց գրավոր դիմել Վրաստանի նախագահին, Խորհրդարանի նախագահին և վարչապետին: Նամակի տեքստն այս պահին մշակման փուլում է:
Աղունիկ Այվազյան

 

 

http://jnews.ge/am/?p=4638#.VplM4vl95D-