ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Լայն հանրության համար թերևս քիչ հայտնի փաստ է, որ 1919 թվականին Փարիզի հաշտության կոնֆերանսին Արեւմտեան Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված պատմական Միացյալ Հայաստանի քարտեզը հեղինակել էր ֆրանսահայ ճանաչված գիտնական և քարտեզագիր Զատիկ Խանզադյանը:
Փարիզի հաշտության կոնֆերանսը գումարվեց Առաջին աշխարհամարտի ավարտից երկու ամիս անց, 1919 թվականի հունվարից` մինչև 1920-ի հունվարը, պատերազմող երկրների միջև հաշտության պայմանագրեր կնքելու և առաջացած տարածքային խնդիրները կարգավորելու նպատակով: Կոնֆերանսում Արեւմտեան Հայաստանի պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր Բողոս Նուբար եւ Կովկասյան Հայկական Հանրապետության պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը:
Կոնֆերանսին մասնակցող բոլոր պատվիրակությունները պաշտոնական զեկույցների տեսքով ներկայացրել էին ապագա սահմանների իրենց պատկերացումներն ու առաջարկությունները: Հայկական կողմը նույնպես ներկայացրեց իր պահանջների վերաբերյալ զեկույցը, որին կցված էր նաև Միացյալ Հայաստանի ապագա քարտեզը՝ ներառյալ Կիլիկիան: Ներկայումս Ֆրանսիայի ազգային գրադարանում պահվող այդ պատմական քարտեզի հեղինակն էր հանդիսանում Զատիկ Խանզադյանը:
Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի կոմանդոր, անվանի աշխարհագրագետ և քարտեզագիր Զատիկ Խանզադյանը (1886-1980) ծնվել է Օսմանյան Թուրքիայի Մանիսա քաղաքում: Իզմիրի ռազմածովային ուսումնարանի քարտեզագիտության բաժնում սովորելու ընթացքում տաղանդավոր երիտասարդը շատ շուտ աչքի ընկավ իր փայլուն առաջադիմությամբ և 1909-ին, ուսումնարանի ֆրանսիացի դասախոսների երաշխավորմամբ, մեկնեց Փարիզ: Այստեղ նա սկսում է ուսանել Փարիզի նավագնացության բարձրագույն դպրոցում, ապա Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում, ստանալով ինժեներ-հիդրոգրաֆի դիպլոմ և ֆրանսիական ռազմածովային ինժեների՝ կոմանդորի կոչում:
Ֆրանսիայից Խանզադյանը գործուղվում է Կ.Պոլիս (Ստամբուլ) և որպես փորձագետ սկսում է աշխատել Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի քարտեզագիտության վարչությունում: Սակայն սկսվում է Առաջին աշխարհամարտը, և նա 1914-ին անցնում է Բուլղարիա, որից հետո վերջնականապես հաստատվում է Ֆրանսիայում: 1919-ին Խանզադյանը մասնակցում Է Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքներին, իսկ 1920-ին ֆրանսերեն լեզվով հրատարակում է 25 քարտեզից կազմված և գիտական մեծ արժեք ներկայացնող «Պատմական Հայաստանի աշխարհագրության միասնական ատլասը»: 40 տարի անց այդ բոլոր քարտեզները Խանզադյանն ամփոփեց 1960 թվականին լույս տեսած իր «Հայաստանի պատմական քարտեզագրություն» մեծածավալ ատլասում։
Փարիզի հաշտության կոնֆերանսի ավարտից հետո Զատիկ Խանզադյանն Ազգերի լիգայում աշխատել է որպես աշխարհագրագետ-քարտեզագիր: 1920-1932 թթ. ընթացքում նա կազմում և հրատարակում է մի շարք երկրների տնտեսական աշխարհագրության հիմնարար ատլասներ։ Հետագայում նա դառնում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի քարտեզագրության բյուրոյի ղեկավարը, որից հետո էլ արդեն ստանձնում է Ֆրանսիայի գլխավոր քարտեզագրի պաշտոնը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խանզադյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանսիական դիմադրության շարժմանը, իսկ պատերազմից հետո նրան շնորհվել է ֆրանսիական Պատվո Լեգեոնի շքանշան: Հայտնի է նաև, որ անգամ ընդհատակից Խանզադյանը կարողացել է հատուկ առաջադրանքով Միջերկրական ծովի ավազանի տարածաշրջանի այնպիսի ճշգրիտ քարտեզներ կազմել, որոնք օգտագործվել են անգլո-ամերիկյան հակահիտլերյան կոալիցիայի կողմից՝ գերմանական հրամանատարությանը ապակողմնորոշող գաղտնի հետախուզական գործողություններում:
Զատիկ Խանզադյանը ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահն էր և Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամը: Խորհրդային Հայաստան կատարած իր այցի ժամանակ Խանզադյանը, հրաշալի տեղեկացված լինելով 1921 թվականի Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից՝ Մոսկվայի ռուս-թուրքական անօրինական պայմանագրի ծանր հետևանքների հետ կապված, Հայաստանի ղեկավարների հետ մասնավոր զրույցում հարցնում է, թե, վերջապես, ե՞րբ պետք է բարձրացվի Կարսի մարզի վերադարձի հարցը Խորհրդային Հայաստանի կազմ: Երևանում նրան պատասխանում են, որ Հայաստանն ազատ երկիր չէ, որպեսզի ինքուրույն այդպիսի հարցեր բարձրացնի, և այդ հարցը, թերևս, միայն կարող են Արեւմտեան Հայաստանի ներկայացուցիչները բարձրացնել:
Խանզադյանն այդպես էլ անում է: Երբ Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականին պաշտոնական այցով ժամանում է Փարիզ, ֆրանսիական մտավորականների հետ հանդիպման ժամանակ Խանզադյանը ֆրանսահայ համայնքի անունից հարց է ուղղում Խրուշչովին. «Ե՞րբ պետք է Խորհրդային Միությունը Թուրքիայի առջև հարց բարձրացնի Կարսի մարզը Խորհրդային Հայաստանի կազմ վերադարձնելու վերաբերյալ»: Խրուշչովը բնավ էլ չի զարմացել այդ հարցից՝ շատ հանգիստ է դա ընդունել, սակայն խորհրդային ղեկավարի պատասխանը եղել է անորոշ: Նա ընդամենը ասել է, որ նմանատիպի հարցերը կարող են լուծվել միայն պատերազմներից հետո: