(Նշանակալի իրադարձություն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերի հասարակականմշակութային կյանքում)

«Խնուս» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես  սրբազանի օրհնությամբ, «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի մասնաճյուղի եւ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության հետ համատեղ, ինչպես նաեւ «Աբխազիայի հայերի միության» եւ Ադլերի հայերի «Սեւան» միության համագործակցությամբ` 2016 թ. մարտի 11-13-ը Ադլերում, Սոչիի Վերին Բերանդա գյուղում եւ Աբխազիայի Գագրա քաղաքաղում տեղի ունեցան «Տունդարձի ճամփան» ֆիլմի պրեմիերան եւ պատմամշակութային երեկոների շարք նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին:

Ֆիլմը պատմում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին Երեւանի «Մոսկվա» կինթատրոնում, վերջերս` Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի օրհնությամբ Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, իսկ 2016-ի սկզբին` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան սրբազանի օրհնությամբ Փարիզի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում:

Պետք է ընդգծել, որ տեղի համայնքային կառույցները բոլոր միջոցառումները կազմակերպել էին շատ բարձր մակարդակով: Ռուսաստանի սեւծովյան ափամերձ տարածքներում եւ Աբխազիայի Հանրապետությունում բնակվող համշենահայերի համար այս թեման կենսական է, հակառակ այն փաստի, որ հայրենի տան կորստից անցել է շուրջ 100 տարի, որը ժամանակավորապես բռնազավթված է մնում Թուրքիայի Հանրապետության կողմից:

Զգացվում է, որ մարդիկ տեղեկատվական քաղց եւ այս թեմայով տեսագրական նյութերի կարիք ունեն: Եվ ինչպես պարզվեց մեր անհանգստությունը տեղին չէր եւ Ադլերի մշակույթի պալատի հսկայական դահլիճը լեցուն էր հյուրերով:

Միջոցառման բացումը կատարեց եւ այն մինչեւ վերջ վարեց «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը: Միջոցառման սկիզբը աղոթքով ազդարարեց Ադլերի Հայ Առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցու հովիվ Տեր Եզնիկը, ով ներկաներին փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի ողջույնի խոսքն ու օրհնությունը:

Սոչիի հայերի համայնքի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ Ադլերի հայերի «Սեւան» միության փոխնախագահ Աշոտ Սարյանը, ով կարեւորեց միջոցառումը համայնքի հասարակական — մշակութային կյանքում:

Այնուհետեւ ելույթ ունեցան «Վան» վոկալի ստուդիայի սաները, գեղարվեստական ղեկավար Նոնա Սագսյան, ովքեր ներկայացրին «Հայաստան» երգի հայրենասիրական – պարային մշակումը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ճամփորդության մասին պատմեց ֆիլմի սցենարիստ ու հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանը: Նրան հաջողվեց մարդկանց հոգու եւ մտքի համար առատ նյութ տրամադրել, որոնք ամրագրվեցին նաեւ էկրանին հայտնվող կադրերով` ճամփորդության առաջին քայլից մինչեւ վերջին ամփոփիչ դրվագը:

Տեսածի ազդեցությամբ հյուրերից մեկը` Ժորա Ասատրյանը, մեկ երեկոյի ընթացքում գրեց թախծոտ, բայց հավատով ու հույսով ապագային միտված այս տողերը:

Սիրտս լցվեց գորովանքով,

Հոգումս բուրմունք է գարնանային,

Մեր փոքրերն են երգում միասին,

-Կ’փրկենք մեր երկիրը թշնամուց…

 

Հավատում եմ, դեռ գալու է օրը`

Երբ ոտք կդնեմ պապական շեմին,

Կնայեմ երկինք` հավատով ես քեզ,

-Պահապան սուրբ հողին հայրենի…

 

Շատ շքեղ եւ զգացմունքային անցավ միջոցառումը Սոչիի Վերին Բերանդա գյուղի մշակույթի տանը:

Մշակույթի տան ղեկավար Ազա Չիտչյանը պատրաստել էր ոչ միայն երեկոյի գրավիչ սցենարը, այլեւ իր սաների հրաշալի ելույթները, որոնք հանդես եկան հյուրերով լեփ-լեցուն դահլիճում:

Միջոցառման սկզբում աղոթքով ու օրհնությամբ ներկաներին ողջունեց Սոչիի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցու հովիվ Տեր Կոմիտասը:

Այնուհետեւ ներկայացվեց Վերին Բերանդա գյուղի ստեղծագործական խմբերի համերգային հրաշալի ծրագիրը:

Դա «Հայկի թոռները» պատանի թմբկահարների խումբն էր, «Արեւիկ» պարային համույթը, որը կատարեց համշենահայերի «Ուրախ պարը», «Ծափիկ պարը» եւ հայրենասիրական «Արցախը», Արմինե Զուբովան եւ Կոնստանդին Մսըրլյանը կատարեցին «Ախթամար», «Անդրանիկ», «Յարխուշտա» երգերը, հայկական հինավուրց դուդուկի մեղեդին հնչեց Գագիկ Մկրտչյանի կատարմամբ. Արսեն Նահապետյանը քյամանչայով կատակերգական եւ զվարճալի մեղեդիներ ներմուծեց երեկոյի երաժշտական ծրագրում:

Եվ այս հրաշալի կատարումները ուղեկցվում էին համշենահայ հայտնի պոետ ու գրող Գրիգոր Մազլումյանի բանաստեղծություններով` Ազա Չիտչյանի կատարմամբ:

Երեկոյի բարձրակետը «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությունն էր:

Հետաքրքիր է, որ միջոցառման ավարտին ժողովուրդը չէր շտապում հեռանալ, մարդիկ կիսվում էին տպավորություններով, քննարկում ֆիլմը: Թախիծն ու խինդը միախառնված զգացողություններ էին առաջացնում, շատերի աչքերում արցունքներ էին, որոնք հրահրված էին ոչ միայն տեսածից, այլեւ մանկության հիշողություններից, տատիկների ու պապիկների պատմածներից բռնազավթված հայրենիքի, ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք առնչվել էին ինչպես նրանց ընտանիքներին, այնպես էլ մեր ողջ ժողովրդին:

Որբացած լեռներ ու հովիտներ, քաղաքներ ու գյուղեր, ավերված եկեղեցիներ, ավերակներում հանգրվանած հինավուրց ամրոցների պարիսպներ, որոնք կարծես իրենց անխոս լռությամբ սերունդներին հրավիրում են վերադառնալ ու վերականգնել:

Միայն հպարտ «Ախթամարն» է, որ դարերի խորքից բարձրացած, Վանա լճի ջրերի միջով, լսելով Մայր Հայրենիքի հոգոցը, ասես կանչում է դուստրերին ու զավակներին դեպի տուն, վառելու հայրական օջախի կրակը, որպեսզի Աստծո օրհնությունը կրկին իջնի հայրերի ու պապերի սրբազան հողի վրա:

Միջոցառումները շարունակվեցին Աբխազիայի Հանրապետությունում, Գագրա քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 3 դպրոցի հանդիսությունների սրահում:

Ավանդույթի համաձայն` երեկոն բացվեց Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեդրակի աղոթքի ու ողջույնի խոսքով:

Ֆիլմը ներկայացրեց սցենարիստ ու հեղինակ Սամվել Մհերյանը:

Հատկանշական է, որ հյուրերի շարքում եւ տարեց այցելուներ էին, ինչպես 98-ամյա Արսեն Համբարձումի Չաքարյանը, ով մասնակցել է 1945 թ. Կարմիր Հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի Հաղթահանդեսին, այնպես էլ «Աբխազիայի հայերի միություն» երիտասարդական կազմակերպության անդամներ: Բոլորին տպավորեց Աբխազիայի Հերոս եւ Աբխազիայի հայերի համայնքի ղեկավարներից Գալուստ Տրապիզոնյանի բարեմաղթանքի խոսքը ուղղված միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումն ավարտվեց Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցի այցելությամբ, որը կառուցվել եւ օծվել էր բոլորովին վերջերս` 2013 թ. նոյեմբերի 6-ին:

            Արժե նշել, որ միջոցառուների հաջողությունը հնարավոր եղավ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի, Սոչիի «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարության, մասնավորապես Համայակ Ուստիյանի եւ Վալերա Մուրադյանի, Ադլերի հայերի «Սեւան» միության ղեկավարության` Վաչագան Ավետյանի, Աշոտ Սարյանի եւ Սոնա Մահտեսյանի, ինչպես նաեւ Սոչիի Ադլերի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոյի աջակցությամբ, եւ իհարկե Սոչիի ու Ադլերի երիտասարդ հայ կամավորների ջանքերով:

            Շնորհակալություն բոլորին:

 

Սաիդա Օհանյան`

թղթակից-ազգագրագետ,

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար

 

15 մարտ 2016 թ.

Սոչի, Գագրա

 

1-1-1. - Adler - Ter Eznik 1-2. - Adler -  Ashot Saryan 1-4. - Adler -  Mankakan Ergchakhumb 1-6. - Adler -  Samvel Mheryan 1-8. - Adler -  Filme 1-9. - Adler -  Filme ev Ter Eznik 1-12. - Adleri mshakuyti tun 2-1. - Verin Beranda - Ter Komitas 2-2. - Verin Beranda - Azniv Chityan 2-3. - Verin Beranda - hamshenapar 2-4. -Verin Beranda - par Artcakh 3-1. - Arsen Chakryan - Чакрян Арсен Амбарцумович - 98 лет, амшен, участник Парада Победы 1945 года 3-1-1. - Arsen Chakryan - Чакрян Арсен Амбарцумович - 98 лет, амшен, участник Парада Победы 1945 года 3-2. - Gagra - ter Sedrak 3-3. - Gagra - Galust Trapizonyan 3-4. - Gagra - Amenaprkich ekegheci