«Խնուս» մշակութային հիմնադրամը Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի օրհնությամբ եւ տնօրինությամբ ապրիլի 27-ին` ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել մշակութային հուշ-երեկո` նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվել է Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը:
Ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:
Միջոցառման բացումը աղոթքի խոսքով կատարել է Արթուր սարկավագը:
Այնուհետեւ, ելույթով հանդես է եկել «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանը, ով իր խոսքը սկսել է Քրիստոսի Սուրբ Ծնունդի փառաբանության բանաստեղծությամբ, որը հեղինակը՝ որպես բարեխոսական աղոթք հղել է Արցախի սահմանները հսկող հայ քաջորդիներին:
Միջոցառմանը բացի ճեմարանականներից ներկա են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ արմատներով խնուսցի մտավորականներ եւ հյուրեր:
Երեկոյի ավարտին տեղի են ունեցել առանձնազրույցներ, կարծիքների ու մտքերի փոխանակություն:
Հիշեցնենք, որ հոգեւոր հայրենասիրական մի շարք միջոցառումների շրջանակում «Տունդարձի ճամփան» ֆիլմը ցուցադրվել է նաեւ Երեւանում, Ստեփանակերտում, Փարիզում եւ Սոչիում:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության
Կառավարության Լրատվական բաժին
29.04.2016 թ.