Հարյուր տարի առաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը գաղտնիության պայմաններում բաժանեցին Օսմանյան կայսրությունը։ Այս երկրները Սայքս–Պիկո համաձայնագրով որոշում կայացրին Օսմանյան կասրությունը մաս–մաս անել։ Արեւմտյան Հայաստանը բաժին էր հասնելու Ռուսաստանին։

Այն մասին, թե ինչու Ռուսաստանը հրաժարվեց Արեւմտյան Հայաստանից եւ ինչու առաջացան մերձավորարեւլյան շատ խնդիրներ, ռուսաստանյան Gazeta.ru–ի հետ զրույցում խոսել է ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաեւսկին։

Թվում է, թե համաձայնագիրը իրականություն չի դարձել, սակայն հենց այս գաղտնի համաձայնագիրը հիմք ծառայեց Թուրքիայի հետագա բաժանման համար։ Օսմանյան կայսրության շատ տարածքների կառավարման մանդատը տրվել էր Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային։ ԱՄՆ–ին առաջարկում էին կառավարել Արեւմտյան Հայաստանը եւ Քրդստանը, բայց ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց այդ մանդատից։ Այն ժամանակ ամերիկացիները վստահ էին, թե այդ տարածքներից իրենք ոչ մի օգուտ չեն ստանա։

Նրանք հասկացան, ինչպես պնդում է ռուսաստանցի Վիկտոր Նադեին Ռաեւսկին, որ հայերի ցեղասպանությունից հետո մնացել են ավերված եւ թալանված հայկական, հունական եւ ասորական բնակավայրեր, որոնց վերականգնման համար հսկայական գումարներ կպահանջվեն։

Այն ժամանակ Արեւմտյան Հայաստանում ռուսական զորքերի հետ կռվում էին 12 հազար հայ կամավորներ։ Եւ երբ կովկասյան ճակատի փլուզումից հետո, երբ ռուսական բանակը, թողնելով դիրքերը, հեռացավ Ռուսաստան, թուրքերը անցան հարձակման, հայերը թուրքերին կարողացան պարտության մատնել միայն Սարդարապատում։ Այս հաղթանակի շնորհիվ հայերը պահպանեցին իրենց պետականությունը եւ տարածքների մի մասը։ Մնալով միայնակ հայերը չկարողացան հաղթել մասնատված թուրքական բանակին, եւ սա անակնկալ չէր։ Ցեղասպանության ժամանակ առաջին հերթին ոչնչացվեցին Օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդիկ։

Անկասկած, Սայքս–Պիկոյի համաձայնությունը հիմք դրեց ներկայիս շատ հակամարտությունների համար։ Բանն այն է, որ պետությունների սահմանները գծվում էին ոչ թե պատմական կամ էթնիկական սկզբունքով, այլ գերտերությունների ախորժակի համաձայն։ Առաջին հերթին հաշվի չառնվեցին հայերի եւ քրդերի շահերը։ Ռուսաստանցի փորձագետը նաեւ նշում է, թե ինքը վստահ չէ, որ այն ժամանակ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան լուրջ էին վերաբերվում հայերի շահերին, իսկ Ռուսաստանը զբաղված էր համաշխարհային հեղափոխության գործերով։ Ռուսաստանում եւս հայկական պետության ստեղծման մասին չէին մտածում։

Ավելին, սոցիալիստական հեղափոխության շրջանակներում բոլշեւիկները թուրքերին հանձնեցին հայերի եւ վրացիների այն տարածքները, որոնք մինչեւ աշխարհամարտը գտնվում էին Ռուսական կայսրությունում։

Քեմալականները Ռուսաստանից ստացան 10 մլն ռուբլի ոսկով, տասնյակ զենքեր, հարյուրավոր գնդացիրներ, հազարավոր հրացաններ, ինչը թուրքերին օգնեց հաղթել հույներին եւ հայերին։ Այսպիսով, թուրքերը ստացան գլխավոր մրցանակը՝ հայերի, ասորիների եւ քրդերի տարածքները եւ նրանց հսկայական ունեցվածքը, որի հիման վրա էլ ստեղծվեց թուրքական կապիտալիզմը։

 

http://top-news.am/7/1/news/63848.html