Շբթ. Սպտ 26th, 2020

«Ափսոս, որ հավաքածուիս պատկերագիրքն արդեն տպարանում է, եւ այս մեկը դուրս մնաց, բայց անպայման ապագայում այն կցուցադրենք»։ Օրեր առաջ ֆեյսբուքի իր էջում գրեց Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ ցուցադրեց 18-19-րդ դարի «Մարաշի մի ֆանտաստիկ գործ»։

Նարեկը 70-ից ավելի հայկական ձեռագործների հավաքածու ունի։ Դրանք ներկայացրել է իր «Փրկեալ ձեռագործք հայոց» գրքում, որի շնորհանդեսը կայացավ 2019թ. ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Նարեկը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի թոռն է։ Նրանից ժառանգած ընտանեկան հարստությունները՝ ասեղնագործ աշխատանքների որոշ պատառիկներ, ձեռքը վերցնելուց հետո սկսել է մտածել իրեն վստահված առաքելության մասին։

«Այդ պատառիկները չունեին ամբողջական տեսք, հստակ երեւում էր, որ կտրված են։ Սկսեցի մտածել՝ գաղթականները, որոնք տնից քշվում էին ու չգիտեին՝ ողջ կմնան, թե չէ, ինչ ճակատագիր կունենան, ինչո՞ւ են իրենց հետ վերցրել ասեղնագործությունները։

Հավանաբար անգիտակցաբար, ինտուիտիվ, բայց համատարած, ամեն մեկին բաժին է հասել ինչ-որ մշակույթ, եւ այդ մշակույթը փրկելու, դուրս հանելու առաքելություն, պարտավորություն է եղել։ Ո՛չ տաքանալու էին դրանով, ո՛չ սրբվելու, ո՛չ վաճառելու էին, բայց դա անում էին հավանաբար, որ պահպանվի հիշողությունը, շարունակություն լինի արվեստի տեսակի եւ ավելի գլոբալ առումով՝ ինքնության։

Հասկացա, որ եթե մարդիկ էդպիսի քաջություն են ունեցել, այլ կարեւոր բաներ թողած՝ այդ պատառիկներն են բերել, եւ հիմա դրանք մեր ձեռքում են, ուրեմն որոշակի ուղերձ եւ առաքելություն կա մեզ փոխանցված»։

Ու սա դարձավ պատճառ, որ Նարեկը սկսի հետաքրքրվել հայկական տեքստիլով, ուսումնասիրել ասեղնագործական դպրոցները։ Փրկվածներից բացի, բազմաթիվ ձեռագործ աշխատանքներ մնացել էին Արեւմտյան Հայաստանում՝ գաղթած հայերի տներում, հետո թալանվել։ Կարեւոր խնդիր էր գտնել այդ աշխատանքները։

«Առաջին քայլը միջազգային շուկաներն ու աճուրդներն էին։ Փորձեցի որոնել «հայկական» անվան ներքո։ Ցավոք, ոչինչ չգտա ու հասկացա, որ ոչ միայն գույքն է յուրացվել, այլեւ դրանց հեղինակային իրավունքները։ Այդ ասեղնագործությունները հեղինակող ազգն ընդհանրապես ջնջված է։ Այն, ինչ հրատարակված է այս գրքում, մեծամասամբ աշխարհին ներկայացված է որպես օսմանյան ասեղնագործություն, ավելի ծայրահեղ աղբյուրներում՝ որպես թուրքական»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Փորձառությամբ ու կուտակած գիտելիքներն օգտագործելով՝ սկսել է ուսումնասիրել «օսմանյան» ձեռագործները՝ տարանջատելով հայկականի եւ ոչ հայկականի։ Նարեկն ասում է, որ թեեւ Օսմանյան կայսրության տարածքում ասեղնագործությամբ զբաղվել են կողք կողքի ապրող ազգերը, բայց հայկականները տարբերվում են գույնի, ճաշակի զգացողությամբ։ Հավաքածուի՝ 70-ի հասնող նմուշները՝ սրբիչներ, ծածկոցներ, թաշկինակներ, եկեղեցական զգեստներ ու դրանց առանձին հատվածներ, հիմնականում ներկայացնում են Վանի, նաեւ Մարաշի, Ուրֆայի, Այնթապի ասեղնագործական դպրոցը։

«Ինձ համար սա նկարչություն է։ Գործեր կան, որոնցում հստակ երեւում է՝ նկարիչ-դիզայներ պիտի լինեին, որ կարողանային այդ որակի աշխատանք անել։ Կային պրիմիտիվ արհեստավորների գործեր։ Քաղաքից քաղաք անցնելով՝ մշակութային տարբերությունները, ճոխությունները, ժամանակի «ռաբիսությունը» շատ հետաքրքիր ձեւով երեւում է։ Հատկապես ծովափնյա քաղաքներում պատահում էր, որ մի ֆրանսիական նավ գալիս ու հետն ասեղնագործություն էր բերում։ Որպես նորություն՝ հայկական մտածողության մեջ ներմուծվում էին ֆրանսիական, իտալական տարրեր։ Ամեն դեպքում, հայության թողած հետքն է»։

«Փրկեալ ձեռագործք հայոց» անգլերեն-հայերեն գրքով Նարեկը ոչ թե գիտական հարցեր բարձրացնելու, այլ հայկական ձեռագործները հանրայնացնելու խնդիր է դրել իր առջեւ։ Գիրքն ուղարկելու է աշխարհի կարեւոր թանգարաններ, հայագիտական կենտրոններ, թուրքական համալսարաններ։ Բայց նախեւառաջ, ասում է, կարիք կա Հայաստանում մեր մշակութային ժառանգությունը ներկայացնելու ու պահպանելու։

«Վերակենդանացում ասելով՝ նկատի չունեմ նույնությամբ ասեղնագործել այս ֆանտաստիկ սրբիչը։ Մեր կենցաղն այսօր փոխվել է, բայց մտածողությունը, ճաշակը, գունային զգացողությունը, արտաքին ազդեցությունները դեռեւս հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Պետք է վերադառնան մեր կենցաղ եւ մշակույթ, բայց այլ դրսեւորումներով։ Պարտադիր չէ, որ այդ նույն սրբիչն այսօր օգտագործենք, բայց դրա մի մասնիկը որեւէ դիզայներ կարող է օգտագործել ու վերապրեցնել կամ դրա հիման վրա ստեղծել նորը»։

Նարեկը շարունակում է համալրել հավաքածուն։ Ասում է՝ արդեն հիվանդություն է դարձել՝ հիվանդություն, որի համար բավականին թանկ է վճարում։

«Աշխարհը թեեւ այս գործերը չի առանձնացնում որպես հայկական, բայց գնահատում է կատարված աշխատանքը։ Չկա մի ընդհանուր շուկայական գին, բայց նրանք, ում ձեռքում են այս աշխատանքները, շատ լավ գիտեն դրանց արժեքը»։

Ձեռագործ աշխատանքների հետ բացահայտվում են նաեւ հետաքրքիր պատմություններ՝ թրքացած հայի, իսլամացած ընտանիքի, հայկական որեւէ գյուղի մասին։

Երկլեզու գրքի հրատարակությունը հայկական ձեռագործները հանրայնացնելու առաջին քայլն է։ Հաջորդը այդ աշխատանքների ցուցահանդեսն է լինելու։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

https://www.mediamax.am/am/news/society/33302/