Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագծի ընդունումը, սակայն դա բավարար չէ: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, տարածաշրջանային հարցերով փորձագետ Գառնիկ Սարգսյանը։

Ըստ նրա` վաղուց արդեն հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից հայության համար այդքան էլ օգտակար չէ, հետևաբար պետք է սկսել պահանջատիրության գործընթացը` հիմնվելով միաջազգային օրենքների վրա:
«Ողջունում ենք Գերմանիայի առողջ և խիզախ դիրքորոշումն այս հարցի շուրջ արտահայտելու կապակցությամբ, քաջալերում ենք Բունդեսթագին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո առաջ գնալու և ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերի իրավունքների իրացման ուղղությամբ»,- ընդգծեց Գ. Սարգսյանը` հավելելով, որ այդ հարցում ոչ միայն Գերմանիան, այլև մյուս եվրոպական պետությունները մեծ դերակատարում ունեն:
Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության իրականացման մեջ որոշ դերակատարում ունեցող եվրոպական հզոր պետություններ կան, որոնք թեկուզև առանց բարձրաձայնելու պարտավոր են սկսելու իրենց սխալների սրբագրման գործընթացը, իսկ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր հերթին փորձելու է երկխոսության մեջ մտնել այդ երկրների հետ:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի փոխանցմամբ` հայկական պահանջատիրության հարցով իրենք Թուրքիայի հետ խոսելու ոչինչ չունեն, հետևաբար իրենց անելիքն է հիմնվել միջազագային օրենքների վրա և վտարանդի հայերի իրավունքների մասին խոսել միջազգային կառույցների հետ:
Անդրադառնալով Արևմտյան Հայաստանի պետական կառույցներին` Գառնիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ստեղծման գործընթացը սկսվել է դեռ 2004 թվականին, իբրև Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ, իսկ 2007 թվականին` հիմնվելով ՄԱԿ-ի կողմից ընդունված բնիկ ժողովուրդների իրավունքների մասին բանաձևի վրա, սկսվել է ամբողջ աշխարհից տասնյակ հազարավոր հայերին որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցելու գործընթացը:
«2011-ին որոշվեց ձևավորել Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը զբաղվել է ներքին կառույցների մշակման և ստեղծման գծով: Մինչև հասանք 2014 թվական, արդեն որոշվեց, որ պետք է ստեղծվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. Վերջինս պետք է ընտրված լիներ, հետևբար Փարիզում կայացավ ընտրությունների անցկացման նիստը և մեր գրանցված քաղաքացիներն ընտրեցին Ազգային ժողովի անդամներին` շուրջ 64 հոգուց բաղկացած»,- ասաց Գ. Սարգսյանը` հավելելով, որ Արևմտյան Հայաստանն այժմ ունի Պաշտպանության, Ֆինանսների, Արտաքին գործերի, Մշակույթի և Կրթության նախարարություններ:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
http://nt.am/am/news/222426/