2016-ի հունիսի 11-ին Պետրոս Հաջյանի ղեկավարած հեռուստաընկերության եւ «Նոյյան Տապան» Լրատվական ծառայության համագործակցությամբ կազմակերպվեց հեռուստակամուրջ «Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Աբխազիայում» թեմայով:
Հեռուստակամուրջին ԱՄՆ-ից մասնակցում էին Պետրոս Հաջյանը եւ Գարո Արմենյանը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ալբերտ Աճեմյանը, «Նոյյան Տապանի» հիմնադիր տնօրեն, պատգամավոր՝ Տիգրան Հարությունյանը, պատգամավոր Սամվել Մհերյանը, ԱՀՀ Կառավարության սպորտի հարցերով պատասխանատու՝ Վարդան Գալըմքերյանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը մանրամասն ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անցած ուղին ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Աբխազիայում: Նա խոսեց ՌԴ-ի եւ Աբխազիայի հայ համայնքների ու նրանց պատասխանատուների կողմից կազմակերպված ջերմ ընդունելության մասին, որին արժանացավ Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես նաեւ ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության գործունեությունը, որի կազմում էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը, պատգամավորներ Սաիդա Օհանյանը եւ Անուշավան Շահնազարյանը: Արմեն Տեր-Սարգսյանը ներկայացրեց նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության պաշտոնական հանդիպումները Աբխազիայի իշխանությունների, այդ թվում՝ երկրի վարչապետ Արթուր Միկվաբիայի եւ նախագահ Ռաուլ Խադջինբայի հետ:
Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի փոխմարզիչ Ալբերտ Աճեմյանը խոսեց հավաքականի ելույթների մասին ներկայացնելով նաեւ հավաքականի համալրման ու նոր մրցելույթներին նախապատրաստվելու ծրագրերի մասին, հատուկ ընդգծելով, որ հավաքականին մաս են կազմում բացառապես հայ մարզիկները՝ ամբողջ աշխարհից:
Պատգամավոր Սամվել Մհերյանը խոսեց ազգային բարերար, Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հիմնադիր՝ Վարդան Սըրմաքեշի ծավալած գործունեության մասին եւ շնորհակալություն հայտնեց հավաքականի հովանավորին ու բոլոր կազմակերպիչներին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապես Տիգրան Փաշաբեզյանը պատասխանելով ԱՄՆ-ի մեր հայրենակիցներին հուզող հարցերին՝ խոսեց նաեւ Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշման մասին, նշելով, որ եվրոպական պետությունների կողմից Հայերի ցեղասպանության վերաբերյալ կայացրած որոշումները լիարժեք կերպով չեն արտահայտելու առկա իրողությունները այնքան ժամանակ, քանի դեռ մեր կողմից կազմակերպված աշխատանքներ չեն իրականացվել շտկելու 1987 թ. Եվրոպառլամենտի ընդունած «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւում թույլ տրված կոպիտ ու աններելի սխալներն, վրիպումներն ու բացթողումները: Տիգրան Փաշաբեզյանը նշեց, որ ազգովին հայկական ներուժը արդյունավետ գործածելու եւ աշխատանքի խելամիտ բաժանում իրականացնելու խնդիրներ ունենք, որովհետեւ բազմաթիվ են հայությանն եւ Հայաստանին ուղղված մարտահրավերները, իսկ դրանց դիմակայել մեկ կառույցի կամ մեկ կազմակերպություն միջոցներով եւ ուժերով՝ հնարավոր չէ եւ իրական չէ:
Հեռուստակամուրջի մասնակիցներն ու կազմակերպիչները պայմանավորվեցին շարունակել շփումներն ու լրատվական աշխատանքները՝ աշխարհի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցներին տեղեկացնելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի, ինչպես նաեւ հայության եւ Հայաստանի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության
Լրատվական բաժին
14.06.2016 թ.
———————
Հղումը՝ http://nt.am/am/news/222525/