«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով Երևանի Խորենացի փողոցում ցույցերը համակարգող խորհրդի մասին, հայտարարեց՝ ինչ խորհուրդ էլ լինի, ինչպիսի անվանում էլ ունենա, ովքեր և ինչ քաղաքական ուժեր էլ ներգրավված լինեն այդ խորհրդում, այդ քաղաքական ուժերը պետք է ունենան օրակարգ՝ բաղկացած մի քանի կետից։

«Թիվ մեկ կետ՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, թիվ երկրորդ՝ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է ունենա վստահություն հանրության լայն շրջանակում, երրորդը՝ այդ վստահելի կառավարությունն առնվազն պետք է միջոցներ գործադրի, որպեսզի հավասար, թափանցիկ պայմաններում անցկացվեն Հայաստանի Հանրապետությունում արտահերթ՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններ, սրանք պետք է լինեն առաջնային, նվազագույն այդ հարթակի օրակարգը։ Այս օրակարգը պետք է սպասարկվի։ Մենք այլընտրանք չունենք, ճգնաժամից դուրս գալու համար պետք է ունենանք մեր ազգային անվտանգության տեսլականը՝ նաև հրապարակված այդ հարթակից», — ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոստանջյանի խոսքով՝ ազգային անվտանգության տեսլականը պետք է ներառի, որ Հայաստանը որևիցե տարածք հանձնելու հնարավորություն չունի։ «Եթե խոսում ենք ինչ-որ սկզբունքներից, եթե խոսում ենք ինչ-որ փաստաթղթերից, ապա մենք պետք է վերադառնանք հարյուր տարի առաջ, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գծագրված աշխարհաքաղաքական կարգի անարդարացի հետևանքներին, և իհարկե պետք է վերադառնանք այն մեկ իրավական փաստաթղթին, որն այսօր օրինական միակ ուժ ունեցող փաստաթուղթն է, դա՝ Սևրի պայմանագիրն է», — ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. — «Եթե մենք խոսում ենք ինչ-որ տարածքների մասին, եթե մենք խոսում ենք մեր հայրենիքի բռնազավթման մասին, եթե մենք խոսում ենք մեր քաղաքական հայտի մասին, ապա պետք է վերադառնանք հարյուր տարի առաջվա տեղի ունեցող միակ իրավական ուժ ունեցող փաստաթղթին և մեկնարկը տանք այդտեղից»։

 

http://www.azatutyun.am/a/27878701.html