Սիրիահայ գործարարները կառավարությունից խնդրում են աջակցել սառեցնելու իրենց արտոնյալ պայմաններով տրամադրված վարկերի մայր գումարը, այլապես իրենք ստիպված են լինելու մասսայաբար դադարեցնել իրենց գործունեությունը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` մարտի 23-­ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին Սիրիայից տեղափոխված մի շարք հայ գործարարներ:

Կառավարությունը հատուկ ծրագրի շրջանակում արտոնություններ սահմանեց սիրիահայ գործարարներին՝ տրամադրելով արտոնյալ պայմաններ գործ հիմնելու համար: «Մեկ տարի է ինչ տեղափոխվել եմ Երևան, և շնորհակալ եմ ժողովրդին, կառավարությանը մեզ աջակցելու համար: Սակայն անցած տարվա վերջին դրամի կտրուկ արժեզրկման պատճառով մեզնից շատերը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Այդ իսկ առիթով խնդրում ենք, որպեսզի սառեցնեն մեզ տրված առավելագույն 5 միլիոն դրամի վարկի մայր գումարը առնվազն կես տարով, որի ընթացքում մենք վճարենք միայն տոկոսադրույքը», ­ հանդիպմանն ասաց սիրիահայ գործարար Հրաչ Բալ­ Մանուկյանը:

Հայաստան տեղափոխվելով` վերջինս հիմնել է տեքստիլի արտադրություն և հավատացրեց, թե ըմբռնում է, որ չորս ամիս առաջ տեղի ունեցած դրամի գահավիժումից ոչ միայն սիրիահայերն են հայտնվել ծանր դրության մեջ: Սակայն բանախոսը ուշադրություն հրավիրեց, որ իրենք նաև սոցիալական կապերի բացակայության մեծ խնդիր ունեն, ինչն ավելի է դժվարացնում բիզնեսի առաջխաղացումը: Ոսկերչությամբ զբաղվող Րաֆի Խժբջյանը նկատեց, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված և գործարարություն սկսած իր նմանմարդկանց շարքում այսօր շատանում են նրանք, ովքեր վարկի գումարը մարելու համար ստիպված են փակել բիզնեսը և այլ աշխատանքի անցնել:

«Մարդիկ կան, ովքեր բիզնեսները փակել են, աշխատում են որպես բանվոր: Ստիպված կլինենք մենք ևս փակել մեր բիզնեսները: Մենք այստեղ ենք եկել Սիրիայում թողնելով մեր գույքը, սոցիալական կապերը: Այդ առումով մենք ոչ միայն հայցում ենք ֆինանսական աջակցություն, այլև ավելի շատ օգնել հայթայթելու նոր համագործակցություն», ­ ասաց գործարար Միքայել Կարապետը: Նա տեղեկացրեց, որ արդեն երեք տարի գտնվում է Հայաստանում, որի ընթացքում փորձել է հիմնել սպասարկման ոլորտում երեք տարբեր բիզնեսներ, սակայն հայտնվել է այնպիսի դրության մեջ, որ ստիպված հերթով փակում է դրանք: Գործարարը նաև հավելեց, որ իրենց շարքերում կան մարդիկ, ովքեր ժամանակին պարտավորությունները չկատարելու պատճառով հայտնվել են բանկերի և կառավարության «սև ցուցակներում»:

ՀՀ կառավարությունը 2013 թ. 100 միլիոն դրամ էր հատկացրել սիրիահայ գործարարների՝ հայրենիքում նոր գործ սկսելու նախաձեռնությունը խրախուսելու նպատակով: Յուրաքանչյուր գործարարի հատկացվել էր արտոնյալ պայմաններով մինչեւ 5 միլիոն դրամի վարկ՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով և տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով:

Comments are closed.