/Անին մայրաքաղաք հռչակվելու 1050 ամյակի առթիվ, Անի անվան ծագման մասին/
Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև հրվանդանի վրա: Անիի մասին հայ պատմագրության մեջ գրավոր տեղեկություններ կան V դարից /Եղիշե, Ղ. Փարպեցի/: Պատմիչները հիշատակում են անառիկ ամրոց Անիի մասին, որը պատկանել է Շիրակ ու Արշարունիք գավառների տեր Կամսարականներին: Պահպանված կիկլոպյան ամրոցների ու բերդերի մնացորդները և մ.թ.ա. 8-7-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը վկայում են, որ Անին բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայ պատմիչները և ուսումնասիրողները անդրադարձել են Անի անվան ծագմանը: Վարդան պատմիչը Անի անվան մեջ տեսնում էր «աշխատել, անել» բառը: Ղ.ԱլիշանըԱնի անունը կապում է Անահիտ աստվածուհու անվան հետ: Ն. Մառը հաբեթական ծագում է վերագրում Անիանվանը, կապելով an /աստված/ բառի հետ, կամ այն ցեղի անվան հետ, որոնք ապրում էին այդ բնակավայրում: Ս. Երեմյանը և Հ. Ժամկոչյանը ենթադրում են, որ Անի անունը կարելի է կապել Հայասայի Անիա թագավորի անվան հետ /Անի Կամախ/ և այլն: Անի անունը կապվում է նաև Դարանաղյաց գավառի Անիամրոցի անվան հետ: Այսպիսով Անի անունը վերաբերում է հնագույն ժամանակներին և կարելի է մտածել, որ այն կապ ունի միջագետքյան ու փոքրասիական երկնքի հնագույն Ան, Անու, Անատու /Անուի զույգը/, Անունիտ /պտղաբերության աստվածուհի/, Անահիտ /հայոց մայր աստվածուհի/ աստված-աստվածուհիների անունների հետ:
IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները Անի ամրոցի հետ: Անիի բարձրացումը սերտորեն կապված էր Բագրատունյաց իշխանական տան հետ: 961թ. Աշոտ 3-րդը արքունիքը Կարսից տեղափոխում է Անի ու այն հռչակում հայոց մայրաքաղաք: Բագրատունիները միջոցներ չեն խնայում, որ նոր մայրաքաղաքը բարեկարգվի ու ամրացվի: Կառուցվում են պալատներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, իջևանատներ և այլն: 964 թ. ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում Աշոտ 3-րդը կառուցում է հզոր պարիսպ, որն իր անունով կոչվում է «Աշոտաշեն»: Քաղաքի շենացման, ընդարձակման, ազգաբնակչության աճի հետ կարիք է զգացվում նոր շինությունների ու պարիսպների կառուցման: Աշոտի որդի Սմբատ 2-րդը 989թ. հին պարիսպներից, Մ. Ուռհայեցու վկայությամբ «մի նետընկեց հեռու», կառուցում է նոր պարիսպ: Անին ունեցել է նաև իր զինանշանը: Քաղաքի Գլխավոր դռան մոտ հայտնաբերվել է վազող առյուծի /հովազ/ ուռուցիկ քանդակ, խաչապսակ գնդակը բերանին: Անին բաղկացած էր երեք մասից` միջնաբերդ, բուն քաղաք, արվարձան: Միջնաբերդը և բուն քաղաքը ամրացված էին կրկնակի պարիսպներով, իսկ արվարձանը` ոչ: Բուն քաղաքը սկզբում տարածվել է Աշոտյան պարիսպների և միջնաբերդի միջև /հին քաղաք/, այնուհետև ընդարձակվել ու տարածվել է դեպի Սմբատյան պարիսպներ /նոր քաղաք/: Նոր քաղաքում են կառուցվել Մայր տաճարը կամ Կաթողիկեն, Գագկաշեն, Սբ. Գրիգոր և այլ եկեղեցիները: Ծաղկուն շրջանում` Զաքարյանների ժամանակ, Անին ունեցել է 100 000 բնակիչ: Բնակչության աճի պատճառով օգտագործվել են Ծաղկոցաձորի, Ալաջաձորի, Գլիձորի և Ախուրյանի ձորի բնական քարայրները, որոնք հարմարեցվել են բնակության համար: Եղել են նաև երկհարկ ու եռահարկ քարայրներ: Այրային Անին ուներ եկեղեցի ու տոհմական դամբարան /այս դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4-5 տարեկան աղջկա մումիայի վերածված մարմին/: Անին հայտնի էր որպես արհեստի, առևտրի ու գրչության կենտրոն:
Գագիկ 1-ինի մահից հետո /990-1020/ Բագրատունյաց պետությունը թուլանում է: Բյուզանդամետ իշխանների հակահայկական գործունեության հետևանքով 1045 թ. Անին ու Բագրատունյաց թագավորությունն ընկան բյուզանդական լծի տակ: 1064 թ. սելջուկները մեծ զոհերի գնով գրավում են Անին: 1072 թ. սելջուկ զորավար Ալփ-Արսլանը Դվինի ամիրայից գնում է Անին և տալիս իր որդի Մանուչեին: Հիմք է դրվում Շադդադյանների իշխանությանը, որն ընդմիջումներով շարունակվում է մինչև 1199 թ.: Նույն թվականին հայ-վրացական միացյալ զորքը ազատագրում է Անին: Այն անցնում է Զաքարյաններին: Քաղաքում նորից աշխուժանում է կյանքը: Կառուցվում են նոր եկեղեցիներ, աշխարհիկ շենքեր, բերդապարիսպներ, կամուրջներ և այլն: Պատմիչներն այդ շրջանի Անին հիշատակում են «մեծ», «քաղաքամայր», «տիեզերական» և այլ անուններով: Անին կառավարել է «երիցանին» /ավագանին/, որը գործում էր Զաքարյանների կողմից նշանակված կառավարչի` ամիրայի նախագահությամբ: Զաքարյանների ծաղկուն շրջանն ավարտվում է մոնղոլական արշավանքներով: 1236 թ. մոնղոլները պաշարում են Անին: Չնայած բնակիչների հերոսական դիմադրությանը /նաև կանայք/` քաղաքը գրավվում է: Մինչև XIV դարի կեսը Անին որպես քաղաք դեռ շարունակում էր իր գոյությունը: Սակայն մոնղոլների, այնուհետև քաղաքը գրաված թուրքական ցեղերի` անեցիների հանդեպ վարած քաղաքականության հետևանքով /ազգային, կրոնական ճնշումներ, ծանր հարկեր/, նաև 1319 թ. Անիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, բնակիչները մեծ խմբերով լքում են Անին: XVI դարում Անին արդեն մի փոքր բնակավայր էր: 1878 թ. ավերակված Անին անցնում է Ռուսաստանին: Անին բոլոր ժամանակներում պատմիչների, ուսումնասիրողների ու մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել: XIX դարի վերջին` 1892 թ. Ն. Մառի գլխավորությամբ սկսվում են Անիի պեղումները, որոնք ընդհատումներով շարունակվում են մինչև 1917թ.: Պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքների մեծ մասը կորել է Առաջին համաշխարհային պատերազմի ու հետագա քաղաքական դեպքերի հետևանքով: 1920թ. օգոստոսի 24-ի ռուս-թուրքական պայմանագրով Անին հանձնվում է Թուրքիային:
Անին Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների ու բնակավայրերի նման սպասում է իր իսկական տերերի՝ հայերի վերադարձին, որոնք նոր շունչ ու ոգի կտան ավերակների մեջ էլ գեղեցիկ, հնագույն Անիին, ապահովելով նրա նոր վերածնունդը:
Անժելա Տերյան
http://www.magaghat.am/2016/03/%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84-%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/