Ռուսաստանում բնակվող ջավախքահայերի բաց նամակը Վրաստանի վարչապետ պարոն Գեորգի Կվիրիկաշվիլուն
Մեծարգո պարոն վարչապետ Արդեն մոտ տասը տարի է, ինչ Վրաստանում ընթանում է “Բաքու-Թբիլիսի-Կարս” երկաթուղու շինարարությունը Մարաբդա–Ախալքալաք և Ախալքալաք–Թուրքիայի սահման հատվածներում։ Այս ճյուղերի շինարարության համար արդեն ծախսվել են հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք Վրաստանը վերցրել է պարտքով հարևան Ադրբեջանից։ Չնայած այդ պարտքի սպասարկման համեմատաբար ցածր տոկոսադրույքին, այն միևնույնն է պետք է վճարվի Վրաստանի կողմից։ Դրա հետ մեկտեղ բազմաթիվ տնտեսագետների և քաղաքական փորձագետների կարծիքով Կարս-Ախալքալաք երկաթգծի տնտեսական նպատակահարմարությունը բավականին կասկածելի է։ Դրա մասին է դեռևս 2013 թվականին հայտարարել և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Բացի դրանից, տվյալ նախագծի իրագործման արդյունքում գոյություն ունի վրացական նավահանգիստներով բեռնափոխադրման ծավալների անկման վտանգ։ Պարզ է, որ “Կարս-Ախալքալաք” երկաթուղին քաղաքական նախագիծ է, որն առաջին հերթին ծառայում է հարևան երկրների`Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։ Դրա հետ մեկտեղ, նախագիծը հաշվի չի առնում Վրաստանի տնտեսական շահերը և խաղից դուրս վիճակում է թողնում Կովկասի և տարածաշրջանի այլ երկրներին, մասնավորապես` Հայաստանին ու Իրանին։ Դա իր հերթին վնաս է հասցնում Մեծ Կովկաս տարածաշրջանում տնտեսական և քաղաքական համագործակցության հեռանկարներին։ Մեր կարծիքով Վրաստանի և տարածաշրջանի երկրների մեծամասնության համար տնտեսապես և քաղաքականապես շատ ավելի շահավետ կլիներ արդեն գոյություն ունեցող կարևոր տրանսպորտային ճանապարհի, այն է` Աբխազիայի տարածքով անցնող “Սոչի-Սուխումի-Թբիլիսի” երկաթգծի վերականգնման մասին մտածելը։ Սաակաշվիլու վարչակարգի իշխանությունից զրկվելուց հետո խոսակցություններ էին գնում տվյալ նախագծի իրականացման մասին, սակայն դրանք դադարեցին հարևան Ադրբեջանի կողմից Վրաստանի վրա գործած ճնշման արդյունքում։ Մինչդեռ տվյալ երկաթուղու վերագործարկումը նոր շունչ կհաղորդի ամբողջ Արևմտյան Վրաստանի, այդ թվում և Աբխազիայի, տնտեսության զարգացման մեջ` օժանդակելով Աբխազիայի և Վրաստանի տնտեսությունների և ժողովուրդների մերձեցմանը։ Ելնելով վերոնշյալից` խնդրում ենք ևս մեկ անգամ վերադառնալ Վրաստանի, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանի ճիշտ և լիարժեք փոխգործակցության զարգացման համար այս երկաթուղային ճանապարհների տնտեսական և քաղաքական նպատակահարմարության դիտարկմանը։ Վրաստանը պետք է ընդունակ լինի գերակա կարգով իրացնել սեփական շահերը, այլ ոչ թե ընդամենը ծառայի որպես գործիք հարևան երկրների շահերի բավարարման համար։ Հարգանքով` “Ռուսաստանի ջավախքյան սփյուռք” հասարակական կազմակերպության վարչություն…
Источник: http://www.nashasreda.ru