Արցախում կատարված հնագիտական պեղումները թույլ են տալիս վստահորեն պնդել, որ հայ ժողովուրդը գենետիկական տեսանկյունից բնիկ ժողովուրդ է և հայերը հետնորդներն են այն բնակչության, որն այստեղ ապրում է առնվազն 6-7 հազար տարի: Այդ մասին նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Գիտությունների Ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Պեղումներն իրականացվել են Արցախի Ազոխ գյուղում գտնվող Ազոխ և Ալեքսանա Ղուզե քարանձավներում:

Պեղումները, որ կատարում է միջազգային արշավախումբը, սկսվել են մի քանի տարի առաջ: Ինչպես ասել է բանախոսը՝ դրանք արվում են բավականին ծանր պայմաններում՝ մթության մեջ:

Հնագետների գլխավոր հայտնագործությունները կատարվել են Ալեքսանա Ղուզե քարանձավում:

-Մենք եթե նույնիսկ գտնենք 30, 40, 50 տարվա վաղեմության մարդու ոսկորներ, բեկորներ, ապա ԴՆԹ-ն տարբերակելու հավանականությունը շատ մեծ է: Ցավոք, Ազոխի քարանձավում վերևի շերտը 100 հազար տարվա վաղեմություն ունի և աշխարհի շատ լաբորատորիաներում մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ-ն անջատելը անհնար է, այն քայքայվել է: Դա նշանակում է, որ մենք տարբեր շերտերում գենետիկական տվյալները համեմատելու հնարավորություն չունենք,-ասել է հնէաբանը:

Ալեքսանա Ղուզե քարանձավում հնագետների կողմից հայտնաբերվել են քարե գործիքներ, տարբեր կենդանիների ոսկորներ, անցյալ տարի՝ 6500 տարվա վաղեմության մեկ ատամ, այս տարի՝ մարդու ազդրոսկր, որոնք ապացուցում են, որ այդտեղ մարդ է ապրել: Բացի այդ, հնագետները նաև գտել են 70-80 սմ-անոց ձկան ողնաշարի մասնիկներ:

-Դրանից կարելի է հասկանալ, որ 30-40 հազար տարի առաջ Արցախի Թարթառ գետում այդ չափի ձկներ են եղել,-ասել է նա:

Լևոն Եպիսկոպոսյանը նկատել է, որ գտնված ատամի ԴՆԹ-ի համեմատությունն անցկացվել է ժամանակակից հայերի գենետիկայի հետ ու շարունակականությունը հաստատվել է, ԴՆԹ-ի խորքային շեղումներն իսպառ բացակայել են:

-Դա հստակ, համոզիչ ու կոշտ արձագանք է Ադրբեջանից և այլ ամբիոններից հնչող հայտարարություններին, թե հայերը բնիկ ժողովուրդ չեն, եկվորներ են այս տարածաշրջանում,-ասել է հնէաբանը:

 

http://vesti.am/archives/73955?lang=am