Ալեքսանդրապոլի դաշնագիրը հայկական կողմից ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Քյազիմ Կարաբեքիրը
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պարտավորվում է ճանաչել Հայաստանի անկախությունը հետևյալ սահմաններում. Ախալքալաքի գավառի հարավային մասից Ուչ-Թափալար սարը դեպի հարավ` մինչև Բաշ Շորագյալ, մինչև Արփաչայ (Արփաչայի հոսանքը մինչև նրա խառնվելը Արաքսի հետ), Արաքս գետի հոսանքը` մինչև Արաքս կայարանը, այստեղից` դեպի Մարտիրոս` մինչև Չայքենդ գյուղը:
- Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը: Հանրաքվեի ժամանակ այնտեղ պետք է մտնի հայ-թուրքական խառը ժանդարմերիա:
- Հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից. հետ են կանչում բոլոր այն կոմիտեները և ներկայացուցիչներին, որոնք գոյություն ունեն Եվրոպայում, չեն պահում Հայաստանում դաշնակիցների ոչ մի ներկայացուցիչ, մինչև որ Թուրքիան հաշտության դաշն կնքի նրանց հետ:
- Հայաստանը իրավունք ունի պահելու զորաբանակ ոչ ավելի քան 1500 սվին և դրան համապատասխան քանակով սպաներ, նաև` անհրաժեշտ քանակությամբ ժանդարմներ: Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինվել միայն պաշտպանողական ծանր թնդանոթներով: Վերացվում է պարտադիր զինվորությունը:
- Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիան պաշտպանում է հայոց կառավարության պահանջով եւ աջակցում է Հայաստանին գործով:
- Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգտվում են ազատ տարանցումից, ինչպես երկաթուղիներով, այնպես եւ բոլոր ճանապարհներով:
- Երկու կողմերն էլ չեն վճարում պատերազմական ծախսեր:
- Պայմանները կնքելուց հետո սկսում են աշխատել երկաթուղիները, վերադառնում են քաղաքացիական մասի գերիները, իսկ երբ սկսվում են աշխատանքները Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները որոշելու համար, վերադառնում են բոլոր ռազմագերիները:
- Հայաստանի բոլոր պայմանագրերը Թուրքիայի դեմ համարվում են անվավեր:
- Գաղթականները կարող են վերադառնալ մեկ տարվա ընթացքում` օգտվելով քաղաքացիական բոլոր իրավունքներից, բացի նրանք, ովքեր զինված դիմադրություն են ցույց տվել:
- Հայերը Թուրքիայում և թուրքերը Հայաստանում վայելում են հավասար քաղաքացիական իրավունքներ:
- Դիվանագիտական, ինչպես և հյուպատոսական հարաբերություններն ու քաղաքացիական ազատ երթևեկությունը երկու երկրների միջև սկսվում են դաշնագիրը ստորագրվելուց հետո, որից հետո վերսկսվում են փոստային և հեռագրական հաղորդակցությունները Թուրքիայի և Հայաստանի միջեւ:
- Շարուրը և Նախիջևանը ժամանակավորապես օժտվում են ինքնավարությամբ` գտնվելով Թուրքիայի հովանավորության տակ, մինչև որոշվի նրանց բախտը:
- Այս դաշնագիրը պետք է ենթարկվի վավերացման Հայաստանի խորհրդարանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից մեկ ամսվա ընթացքում:
- Թուրքիան պատրաստվում է Հայաստանի գրավված հողատարածքները դատարկել, երբ Հայաստանը կսկսի զորացրում, և վերջնականապես կդատարկի, երբ հայկական զորքի թիվը կհասնի պայմաններում որոշված չափին:
Ծանոթագրություն: Դաշնագրի բնագիրը, որը ժամանակին հանձնվել է Հեղկոմի նախագահ Կասյանին, պաշտոնապես չի հրապարակվել: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Ալեքսանդր Խատիսյանը, թուրքերից` Քյազիմ Կարաբեքիրը: Թեև դաշնագրի վրա գրված է դեկտեմբեր 2, փաստացի այն ստորագրվել է լույս 3-ի գիշերը: Դաշնագրի թուրքերեն տեքստը կազմված է 18 կետից, որի տակ դրված է Խատիսյանի ստորագրությունը:
http://www.aniarc.am/2015/08/25/alexandrapl-treaty/