Լազերեն սումեխի` համշենցի անվան շուրջ ուսումնասիրությունը, որն իրականացրել է Իրֆան Չաղաթայ Ալեքսիշին, ներկայացնում ենք Akunq.net–ի թարգմանությամբ։

Բոլոր համշենցիների հայրենիքը Ռիզեի Հեմշին, Չամլըհեմշին եւ Չայելի գավառների Սենոզից մինչեւ Քափթանփաշա ձգվող գյուղերն են: Այս վայրերը կոչվում են Համշեն, իսկ այս կողմերի բնակիչները` համշենցի: Խոփայի համշենցիներն էլ, ներառյալ արեւմուտքում եւ արեւելքում ապրող բոլոր համշենցիները, տարբեր ժամանակաշրջաններում գաղթել են հենց այդ Համշենից: Այդ ցրումը հավանաբար տեղի է ունեցել 18-րդ դարում:

Երեք գետերի` Ֆըրթընա, Փազար (Փազոնի) եւ Սենոզ գետերի ավազանում ապրող այս հանրությունը, բնականաբար, դեպի ծով բացվող կետերում շփվել է լազերի հետ: Սույն շրջանի հետ անմիջականորեն շփում ունեցած լազերը, այսինքն` արդեշենցի, չամլըհեմշինցի եւ փազարցի լազերը այս կողմերի ժողովրդին, այսինքն` համշենցիներին անվանում է սումեխի, իսկ նրանց երկիրը, այսինքն` Համշենը` Սումեխիթի: Նույն կերպ, Ֆըրթընա գետի ավազանում բնակվողները համշենցի կանանց համար կիրառում են սումեխիսա անվանումը:

Ավելի լավ հասկանալու համար եթե ամփոփ կերպով ներկայացնենք, կստանանք հետեւյալ պատկերը.

համշենցի – սումեխի

Համշեն – Սումեխիթի

համշենցի կին – սումեխիսա:

Մեր շրջանի ընտրյալ (!) պատմաբաններից Մուզաֆֆեր Արըջըն «Ռիզե» վերնագրով գրքում նշում է, թե «Լազերը, որոնց նախահայրերը եւս թուրք են, իրենց հարեւան վրացիներին անվանում են «գյուրջյու» (թուրքերեն` վրացի- Ակունքի խմբ.), մեգրելներին` մեգրել, իսկ թուրքերեն խոսող թուրքերին` ՍՈՒ ՄԵՂԻ, որը նշանակում է` երեք քամի / երեք թեւ / երեք նետ: Այսինքն, ըստ նրա, այս արտահայտությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր թուրքերեն են խոսում, եւ մեզ համար ամենահիմնավոր ապացույցն է` օղուզական ցեղի երեք նետավոր խմբի վերաբերյալ: «Միթե լազերի վրա ճնշում է գործադրվել, որ այդ արտահայտությունը կիրառեն»,-գրում է նա:

Անշուշտ պարոն Մուզաֆֆերի ենթադրածի պես չէ. լազերը միայն համշենցիներին են սումեխի կոչում: Ելնելով նրանից, որ համշենցիները թուրքերեն են խոսում, սխալ կլինի ընդհանրացում անել եւ եզրակացնել, թե սումեխի են անվանվում բոլոր նրանք, ովքեր թուրքերենով են հաղորդակցվում: Քանզի բոլորը` համշենցիներն էլ ներառյալ, տարբերակում են համշենցիներին, որոնց մայրենի լեզուն թուրքերենն է (Համշենցիների մայրենին հայոց լեզվի Համշենի բարբառն է, որը Ռիզեի նահանգում ապրող համշենցիներն արդեն մոռացության են մատնել եւ օգտագործում են միայն որոշ բառեր եւ արտահայտություններ: Իսկ Խոփայի համշենցիները պահպանել են այն-Ակունքի խմբ.) եւ ռիզեցիներին: Տվյալ կողմերի արտահայտությամբ` համշենցիները համշենցի են, իսկ ռիզեցիները` հորում:

Ինչ վերաբերում է սումեխիին, պարոն Մուզաֆֆերը այդ բառով փորձում է ապացուցել, թե համշենցիները հայ չեն: Ըստ իր ստուգաբանության` լազերենով սումեխի նշանակում է «երեք քամի», եւ թեեւ անհայտ է, թե ինչպե՞ս է այդ ստուգաբանությունը նրան հաջողվել, այնուամենայնիվ, «երեք քամին» կապում է «երեք թեւին», որից էլ` օղուզների նշանավոր «երեք նետին»: (Տես` http://www.hemsinliyiz.biz/index.php/Thread/19654-Muzaffer-ARICI/):

Լավ, իսկ իրոք այդպե՞ս է:

Երբ մեր շուրջը մի փոքր ուսումնասիրություն ենք կատարում, ստանում ենք Մուզաֆֆեր Արըջըի ասածի լրիվ հակառակ պատկերը: Կովկասյան տարածքում հայ անվանմանը համընկնում է լազերեն սումեխի բառը: Վրացիները հայերին սոմեխի, իսկ Հայաստանը Սոմխեթի են անվանում: Մեգրելները եւս սոմեխին կիրառում են հայ իմաստով: Օսեթները հայերին կոչում են սոմիխ, իսկ աբխազները` Āş°āmāx̍: Ավարներն էլ Հայաստանն անվանում են t͡s’amuq͡χː:

Սույն բառը դեռ չեն կարողացել հստակ ստուգաբանության ենթարկել: Ժողովրդական ստուգաբանության վրա հիմնվելով` փորձել են բացատրել, որ վրացերենում սամխեթին նշանակում է հարավ: Սակայն ավելի տրամաբանական է Դյակոնովի առաջարկած տարբերակը, ըստ որի` սոմեխի/սումեխի անունը ծագել է աքքադերեն «սուխմու», խեթերեն «զուհմա» կոչվող շրջանի անվանումից, որն արտահայտում էր Եփրատի ավազանի վերին կողմերը եւ ենթադրում, որ մի ժամանակ հայերի նախնիներն ապրել են հարավկովկասյան ցեղերի հետ համատեղ կամ վերջիններիս հարեւանությամբ, եւ որ այդ անունը պահպանվել է հարավկովկասյան ժողովուրդների լեզուներում:

Ըստ էության՝ լազերը համշենցիներին սումեխի, այսինքն` հայ են կոչում իրենց լեզվով: Լազերի հետ անմիջական շփում ունեցած այդ հայկական հանրությունը հետզհետե հեռացել է քրիստոնյա հայկական խմբից, իսկ լազերը թուրքերենով «էրմենի» (հայ-Ակունքի խմբ.) բառն սկսել են օգտագործել հայերի վերաբերյալ, իսկ լազերեն «սումեխի» բառը` միմիայն համշենցիների: Դրա պատճառն այն է, որ ներկայում համշենցի եւ հայ հանրությունները թեեւ չեն ուրանում իրենց համատեղ ծագումն ու արմատները, սակայն այլեւս գոյություն ունեն որպես միմյանցից տարբեր խմբեր:

 

http://top-news.am/7/1/news/74194.html