Աքսիոմաներն էլ, երբեմն ապացուցման կարիք ունեն…
Բայց սա ընկրկելու համար չէ….
Այլ անընդհատ ասելու…մեթոդներ փնտրելու ապացուցելու՝ «օտարներին» հասկանալի լեզվով…

«ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԱՔՍԻՈՄԱ» ֆիլմի նպատակն է ճշմարտության վրա լույս գցելը: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիլմը

Հայաստանի մասին առաջինը մ.թ.ա. 6-րդ դարի կավե սալիկի վրա պատկերված քարտեզն է վկայել, որտեղ Բաբելոնը նշված է որպես աշխարհի կենտրոն, որի մոտ պատկերված են Ասորեստանն ու Հայաստանը: Քարտեզը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Այս կավե սալիկը Հայաստանի դարավոր գոյության մասին պատմող աքսիոմա է: Եվ այն միակը չէ. այն միայն առաջինն: Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և մի շարք այլ երկրների թանգարաններում ու գրադարաններում կան քարտեզներ, որտեղ պատկերված է Հայաստանն իր երբեմնի սահմաններով: Սրան գումարած օսմանական քարտեզներ, որտեղ օսմաներենով նշված է Հայաստանի տեղը, և ծովից ծով ձգվող տարածքները: 

Ո՞րն է ֆիլմի նպատակը 

Հատկապես հիմա, երբ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ենք կանգնած, պետք է «ապացուցել» վաղուց հայտնի աքսիոմաները: Այս պարագայում ոչ թե հայերս ենք խոսում, այլ այդ երկրներում պահվող «կենդանի» վկաները, քանի որ նույնիսկ օսմանական քարտեզներում Արևմտյան Հայաստանի տեղանունները հայերենով են նշված՝ Վան, էրզրում…

Աքսիոմաները ապացուցելու գործով զբաղվեց երբեմնի ինժեներ, հիմա արդեն քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ով մի քանի լեզուներվ հրատարակեց «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գիրքը: Գրքի հիման վրա ստեղծվեց «Ապացուցված աքսիոմա» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմում քարտեզների գիծը պատկերվում է հենց քարտեզագետ Ռուբեն Գալչյանի կենսագրությունով, ով ծնունդով Վանից է, ապրել է Պարսկաստանում, այնուհետև տեղափոխվել Անգլիա, ուր և սկսել է զբաղվել իր կորցրած հայրենիքի տարածքները փնտրելու գործով… գոնե քարտեզների վրա:

Ֆիլմի ստեղծումը նախաձեռնեցին Անժելա Ֆրանգյանն ու Մարիաննա Աբրահամյանը: Ֆիլմի հեղինակները ցավ են հայտնում, որ դարերի պատմություն ունեցող քարտեզները հավաքագրելիս որոշ քարտեզների միայն այսօր են ծանոթացել:
Ֆիլմն իրենից մի ողջ պահանջատիրություն է ներկայացնում, և ինչու չէ դիվանագիտական ուրույն և անվնաս մի զենք է տեղեկատվական պատերազմների այս դարաշրջանում: Այն կարճ ճանապարհ է ցույց տալիս աշխարհին ապացուցելու դարեր ի վեր հայտնի ճշմարտությունը: Քարտեզները մեր անցյալի վկաներից են: Եվ այսօր Թուրքիան որքան էլ որ հոխորտա ու մեծ գումարներ ծախսի սեփական PR-ի համար, միևնույն է, երբ սեղանին դնենք Օսմանայան կայսրության շրջանում հրատարակված քարտեզները, ուր նշված է Հայաստանը, կամ եթե աշխարհին և պատմության վրա աչք փակող Ադրբեջանին ներկայացնենք քարտեզներ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը գոյություն չի ունեցել և այն միայն 1918թ.-ից սկսած է ի հայտ գալիս քարտեզներում, որը նույնիսկ իր սեփական անունը չունի և այդ պետությունն անվանում են Ադրբեջան՝ օգտագործելով Իրանի հյուսիսարևմտյան շրջաններից մեկի անվանումը, որը կիրառվել է մինչև 1918թ.-ը, ապա ևս մեկ աքսիոմա կապացուցենք: 

Վստահաբար ընթերցողն էլ տալու է այն հարցը, որը ֆիլմի սկզբից մինչև վերջ և դեռ հիմա էլ շարունակում ենք ինքներս մեզ տալ. «Լա՛վ, փաստեցի՛նք, իսկ հետո՞….»:
Պետք է գիտակցենք, որ սա մեր զենքն է, որից օգտվել պետք է իմանանք բոլորս անխտիր, որպեսզի ամենատարրական խոսակցությունների ժամանակ, այս փաստերը ուղղակի դրվեն զրուցակցի սեղանին: Վիճելու և ապացուցելու փոխարեն պետք է ուղղակի ներկայացնել փաստերը, իսկ մինչ այդ անհրաժեշտ է անուն ազգանունը իմանալու չափ տիրապետել այս գիտելիքներին:

Ֆիլմի հաջողությունները…

Ի դեպ, «Հայկական Հարցերի Ուսումնասիրման Կենտրոնի», «Կովկասի Հետազոտական Կենտրոնի»/Caucasus Studies Institute/ և Իրան-Եվրասիա Ուսումնասիրության Կենտրոնի /IRAS/ նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Թեհրանի Արարատ մարզավանում կայացել է “Կովկասի աշխարհագրական սահմանները պատմության հորձանուտում ” գիտաժողովը, որի բացումը կայացել է վերոնշյալ «Ապացուցված աքսիոմա» պարսկալեզու փաստագրական ֆիլմով: 
Գիտաժողովի ընթացքում հայկական կողմից ելույթ են ունեցել ՀՀ ԳԱԱ Պատվավոր դոկտոր, ազատ հետազոտող, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական Հարցի և Հայոց Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը, իրավաբան, պատմաբան , «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար Արա Պապյանը: Իր խոսքն է հղել նաև ԻԻՀ -ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը: Իրենց դասախոսություններով ելույթ են ունեցել նաև իրանցի մտավորականներ, համալսարանի դասախոսներ, քաղաքական հարցերի վերլուծաբաններ, հնչեց հարց ու պատասխան ներկաների մեջ: 

Նշենք, որ «Ապացուցված աքսիոմա» ֆիլմի հայերեն տարբերակը 2012 և 2013 թվականներին արդեն իսկ ցուցադրվել է հայ հանդիսատեսի համար Թեհրանում և Լոնդոնում:

 

http://armfvn.com/news/view/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%C2%AB%D5%A1%D5%BA%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D6%84%D5%BD%D5%AB%D5%B8%D5%B4%D5%A1%C2%BB-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4.html#.VK2QfPl_uSo