Հայաստան պետության արյունը ծծող մարդիկ անարմատ են, իրենք իրենց պատասխանատվությունները չեն զգում, իրենք չեն գիտակցում, որ պետք է ախորժակները սահմանափակեն, չքամեն սեփական ժողովրդին, չկեղեքեն: Իրենք հենց իրենց շահերից ելնելով միայն այսօրն են տեսնում:

Ապրիլյան ռազմական գործողությունների, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, Ձեզ հետ իմ նախորդ հարցազրույցի ժամանակ, իսկ դա ապրիլյան պատերազմից առաջ էր, Ձեր մտահոգություններն էիք հայտնում, որ մենք բավարար զինված չենք, որ ֆինանսներն անտեղի են վատնվում, որ հանուն հայրենիքի չեն մեր «հանունները» եւ այլն: Ապրիլյան ռազմական գործողությունը հարյուրից ավելի կյանք խլեց: Ձեր կարծիքով դասեր քաղեցի՞նք արդյոք կատարված ողբերգությունից հետո:

-Հասարակությունը տարբեր որակներից եւ խմբերից է բաղկացած: Մարդիկ կան, որոնց ոչ մի դաս պետք չէ, որ դաս ստանան, հետո նոր ճիշտ քայլեր կատարեն: Կա նման մի խումբ, որ խորապես գիտակցում է իր պարտականությունները, հայրենիքին նվիրված է մինչեւ վերջ եւ դաս ստանալու խնդիր չունի:

Կա երկրորդ խումբը, որ, իմ տպավորությամբ, իր անելիքները ճշտեց, հասկացավ՝ ինչն է ճիշտ, ինչպես պետք է ապրեն, որ ճիշտ ապրեն, այսինքն բավական շտկվեցին: Դա այն մարդիկ են, ովքեր ունակ են հասկանալու եւ շտկելու իրենց քայլերը: Մարդիկ, ովքեր անտարբեր էին շատ հարցերի նկատմամբ, հիմա հասկացել են, որ չի կարելի այդպես ապրել:

Կա էլի մի մեծ խումբ, որ իրենք այն աստիճան են խորթացած հարազատ արմատից, որ ուղղակի հայերեն խոսելը դա արդյունք է նրա, որ որովհետեւ միջավայրն է հայկական: Բայց չեն զգում՝ ինչ ասել է հայ, հայ ծնվելն ինչ պարտականություններ եւ անելիքներ է ենթադրում: Այդ պարտքերի տերը չեն: Այնքան են խորթացած, որ նույնիսկ այդ ծանրագույն դասը ոչ մի բան չի ճշտել եւ օգտակար չի եղել:

Վերջապես, թվաքանակով փոքր, բայց լծակներով բավական հզոր խումբ էլ կա, որը ոչ միայն որեւէ պարտականություն չի զգում, ոչ մի օգուտ ուղղակի ի վիճակի չէ տալ, իր տեսակը թույլ չի տալիս, որ ինքն օգտակար լինի: Ինքը ոչինչ չի գիտակցում, տզրուկի, պարազիտի պես ուղղակի կենդանու մաշկի մեջ մտած արյուն է ծծում: Կենդանին ուզում է ազատվել, պոչով է հարվածում, ինչ ասես անում է, գլուխն է թափահարում, չի կարողանում ազատվել: Իսկ սրանք անվերջ ծծում են կենդանու արյունը: Հիմա Հայաստան պետության արյունը ծծող մարդիկ, ովքեր անարմատ են, իրենք իրենց պատասխանատվությունները չեն զգում, իրենք չեն գիտակցում, որ պետք է ախորժակները սահմանափակեն, չքամեն սեփական ժողովրդին, չկեղեքեն: Իրենք հենց իրենց շահերից ելնելով միայն այսօրն են տեսնում:

Հենց իրենց շահերից ելնելով եթե վաղվա օրն էլ տեսնեին, նրանք այսօր ուղղակի ախորժակները կսահմանափակեին, որովհետեւ դու կարող ես հոշոտել եւ մինչեւ վերջ քամել եղածն այսօր եւ վաղը չունենալ ոչինչ: Եթե հասարակության շալակը նստած մարդիկ այսօր նպատակ են դրել մինչեւ վերջ կեղեքել, թալանել, աղքատացնել եւ ուղղակի սպանել, նշանակում է՝ գործ ունենք պոտենցիալ արտագաղթողների հետ, որովհետեւ վաղն այլեւս քոռ գրոշ էլ չեն կարողանալու թալանել, որովհետեւ չի լինելու պարզապես, եւ իրենք պետք է ճամպրուկները հավաքեն ու թռնեն: Ցավոք սրտի, այս տեսակ մարդկանց պատերազմը ոչինչ էլ չի սովորեցրել:

Մեր հասարակությունը տարբեր խավերից է բաղկացած: Այդ օրերին պետք է նշել նաեւ կամավորական շարժումն, ընդհանուր ոգեւորությունը: Ազնիվ սերուցքը գնաց սահման: Նշեմ, որ ազգի մեջ կա 2-3 տոկոս նվիրված մարդիկ, որ պատրաստ են կյանքը տալ: 90-ականներին մի տոկոս էր: Ես հիմա ոնց հաշվում եմ, մինչ երեք տոկոս է: Սա վիթխարի առաջընթաց է: Եթե մեկ տոկոսը հարց է լուծել, երեք տոկոսը հաստատ կարող է լուծել:

-Իսկ ի՞նչ ցույց տվեց պատերազմը:

-Պատերազմը ցույց տվեց, թե մենք որքան փչացած ենք: Առաջինը դա ցույց տվեց: Մեր պատմության մեջ հաստատված է այն իրողությունը, որ խաղաղ տարիները տրվում է նրա համար, որ հասցնենք պատրաստվել նոր պատերազմի: Եվ որքան արդյունավետ օգտագործենք այդ տարիներն, այնքան ավելի պետք է կարողանանք խաղաղ ապրել:

Այս պատերազմը ցույց տվեց, որ խաղաղ տարիների հարգը, դրա նշանակությունը մենք ճիշտ չենք գնահատել եւ ճիշտ չենք օգտագործել: Էս երեխեքը որ զոհվեցին, հենց դրա ապացույցն է, ուրիշ բացատրություն չկա: Մենք պետք է մինչեւ ատամները զինված լինեինք: Ադրբեջանցին պետք է հայի ստվերից շակալի պես փախչեր: Բայց մենք մեզ այդ հզորության չենք հասցրել, բայց կարող էինք: Գիտնականներ չունե՞նք, ինչ է: Խորհրդային պետության մեջ ամբողջ ռազմական արդյունաբերության գյուտերը հայ գիտնականներն էին անում: Գիտնական չունե՞նք, այդ գիտնականներն ինչո՞ւ Հայաստանում չեն:

-Պարոն Կարապետյան, իշխանություններն ասում են՝ փող չունենք…

-Բայց նաեւ ասում են՝ 10 մլրդ դոլար վերջին տարիներին երկրից դուրս է գնացել: Բա փող չունեցող երկրում 10 մլրդ դոլար որտեղի՞ց կա, որ դուրս գնա: Կա… պարզապես ազգային մոտեցում չկա: Հայրենասիրություն, սրտացավություն չկա, որ մեր երկրի հոգսը քաշենք, ստանձնենք ու քաշենք:

Պաշտպանության նախարարն ասում է՝ մեր բանակը մարդակենտրոն է: Մարդակենտրոն բանակը, որ մարդն է կարեւոր, այս վարքագիծը, այս կորուստները, պահածոյի տուփերը, որ մինչեւ հիմա շարված են որպես ահազանգի միջոց, չպետք է լինեին: Մարդակենտրոնը սա՞ է: Մարդակենտրոն բանակը պետք է զոհ չտար, ճիշտն ասած: Սուտ է խոսում: Լավ ծաղր կար, ասում էին՝ ճիշտ է, զենքը 80-ականների է, բայց այ մեր բահերը 2016 թվականի են: Զինված ենք ամենաարդիական բահերով:

Մենք չենք գիտակցում՝ որ երկրի քաղաքացիներ ենք, մեր երկիրը ինչ հարեւաններով է շրջապատված, որոնք օր ու գիշեր մեր մեռնելն են երազում: Այսօր առավոտյան նայում եմ՝ նորից Ալիեւը հայտարարել է՝ Երեւանը դա հին ադրբեջանական Էրիվան քաղաքն է: Այսինքն, մեր չլինելն են երազում, դրան են պատրաստվում օր ու գիշեր, որ մենք չլինենք: Ինչքան պետք է փչացած լինենք, որ կենդանական բնազդ էլ չունենք արդեն: Կենդանին գոնե ինքն իր ձագերի պաշտպանն է: Չարի վերջի ծաղրը աչքովս ընկավ՝ շրջանները հանձնելու կապակցությամբ, որ ձագը տար կեր՝ հանգստացի: Գնում-գալիս է, նորից երկրորդ ձագն է ուզում… Ինչպե՞ս կարող ես թշնամուդ հող հանձնել: Ամեն մետր հողը որ տվեցիր, օղակն ավելի է սեղմվելու:

Անելիքը շատ պարզ է՝ ազատագրել բռնազավթած տարածքները, որպեսզի օղակը բացվի, ցույց տալ ուժ: Դրա շնորհիվ ստիպել, որ քեզ հետ հաշվի նստեն, որովհետեւ ուժեղի հետ են հաշվի նստում: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ իմ ազգի լավագույն սերուցքը թիկունք չունի, վտանգված է թիկունքը: Ինչպե՞ս կարող ենք թուրքին ճակատում սատկացնենք, երբ որ թիկունքից կարող է հարված ստանանք: Ինչպե՞ս կարող ենք:

Այդ վարկածն, ի դեպ, շրջանառվում է, որ իրականում զինվորը պետական դավաճանության զոհն է դարձել, նրան թիկունքից են հարվածել:

-Բազմաթիվ վերլուծություններ են եղել, քաղաքական մեկնաբանների, վերլուծաբանների, զինվորական, քաղաքական գործիչների կարծիքներ հնչել, հողն արժեզրկող հայտարարություններ են եղել, որոնք գալիս հաստատում են այդ փաստը: Լսում ես մարդկանց եւ ամաչում ես: Շատ վտանգավոր ժամանակ ենք ապրում: Անցած քառորդ դարում ինքներս մեզ փչացնելու համար ջանք չխնայեցինք: Մենք պարարտացրեցինք կեղտը մեր մեջ եւ հիմա թաղված ենք սեփական արտադրության կեղտի մեջ:

Շարունակելի…

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

 

 

http://galatv.am/hy/your-voice/157154/