2000 թվականի փետրվարի 19-20-ին Հայաստանում վերջին հրաժեշտն էին տալիս Զորավար Անդրանիկին: Նրա աճյունը հատուկ արարողակարգով ու չվերթով տեղափոխվել էր Հայաստան Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից: Մեդիամաքսը ներկայացնում է Զորավար Անդրանիկի երեք գերեզմանների պատմությունն ու 2000-ին Հայաստան տեղափոխման մանրամասները:
Անդրանիկի մահը

Կյանքի վերջին տարիները Անդրանիկ Օզանյանն անցկացրել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Առողջական խնդիրների պատճառով 1927-ին բժիշկները Անդրանիկին խորհուրդ են տալիս առողջարանային բուժում ստանալ:

Կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ, Անդրանիկը սկսում է բուժումը Կալիֆորնիայի Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում, որտեղ էլ մահանում է անգինայից 1927-ի օգոստոսի 31-ին:
Պատգամը՝ Հայաստանում թաղվելու մասին

Ըստ Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրների, Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետեւյալը.
«Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն: Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։
Անդրանիկի Թաղումը Ֆրեզնոյում

Մահվանից մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 7-ին, Անդրանիկի զինակիցներն ու ընկերները նրան զինվորական արարողակարգով հողին են հանձնում Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը: Թաղմանը ներկա էր 15 000-ից ավելի մարդ, հայկական բազմաթիվ գաղութներում այդ օրը հիշատակի երեկոներ են կազմակերպվում Անդրանիկի պատվին:
Թաղումը Փարիզում
Կալիֆորնիայում թաղման արարողությունից չորս ամիս անց՝ 1928-ի հունվարին, կինն ու զինակիցները ձեռնամուխ են լինում Անդրանիկի աճյունը Խորհրդային Հայաստանում վերահուղարկավորելու աշխատանքներին: Դագաղը Կալիֆորնիայից տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղից էլ նախատեսվում էր բերել Խորհրդային Հայաստան:

Բայց նոր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունները Հայ Օգնության Կոմիտեի միջոցով Անդրանիկի հարազատներին տեղեկացնում են, որ նպատակահարմար չէ Զորավարի աճյունի տեղափոխումը Հայաստան: Այդ տարիներին խորհրդային քարոզչությունը Անդրանիկին ու ֆիդայական շարժման մյուս դեմքերին ներկայացնում էր որպես ժողովուրդների բարեկամության ու խորհրդային կարգերի թշնամիներ։

Անդրանիկի աճյունը 1928-ի հունվարի 29-ին ամփոփվում է Փարիզի ամենահայտնի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը: Ավելի ուշ՝ 1945-ին, գերեզմանի վրա տեղադրվում է նրա ձիարձանը:
Տեղափոխումը Հայաստան ու թաղումը Եռաբլուրում
1990-ականների վերջին Հայաստանում սկսեցին ձեռնամուխ լինել հայ ազատագրական շարժման անվանի մասնակիցների աճյունների հայրենիք տեղափոխման գործընթացին։ 1998-ին Հայաստան բերվեց Սոսե Մայրիկի աճյունը։ 1999-2000-ին հերթը Անդրանիկ Օզանյանինն էր։ Ստեղծվեց տեղափոխման հարցերը կարգավորող պետական հանձնաժողով՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ։

«Որպես զինվորականներ՝ մեզ համար պատվի հարց էր Անդրանիկի՝ հայրենիքում թաղվելու պատգամը կատարելը։ Բացի այդ, դա նաեւ խորհրդանշական բնույթ էր կրում պատերազմում հաղթած երկրի համար։ Զինվորականներից, քաղաքական ու մշակույթի ու գործիչներից կազմված պետական հանձնաժողով ձեւավորվեց, որը ես էի գլխավորում։ Մի քանի անգամ հանդիպեցինք Պաշտպանության նախարարությունում, քննարկեցինք տեղափոխման հնարավորությունները»,- Մեդիամաքսին պատմել է Վաղարշակ Հարությունյանը։

«Քննարկեցինք Անդրանիկի տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը, Ֆրանսիայի իշխանությունների հետ շատ արագ պայմանավորվածության եկանք։ Պաշտպանության նախարարության աշխատակիցներից ու զինվորականներից ստեղծեցի հատուկ խումբ, որը պետք է գնար Ֆրանսիա եւ կազմակերպեր գործընթացը։ 2000-ի փետրվարի 18-ի գիշերը Անդրանիկի աճյունը հասավ Երեւան»,- պատմում է Վաղարշակ Հարությունյանը։

Վաղարշակ Հարությունյանը նշում է, որ այդ օրերին շփվել է նաեւ Անդրանիկի՝ դեռեւս ողջ զինվորներից մի քանիսի հետ, լսել նրանց կարծիքն ու խորհուրդներ հարցրել նրա թաղման վայրի, արարողակարգի եւ այլ հարցերի հետ կապված։
Փարաքարում Անդրանիկի թաղման թափորը դիմավորում է նրա զինվորներից մեկը ու բաժակաճառ ասում։
Մեդիամաքսը ներկայացնում է այդ օրերին նկարահանված բացառիկ կադրեր Վաղարշակ Հարությունյանի արխիվից։
Ֆոտոլուր գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն այդ օրերին լուսանկարել է Անդրանիկին վերջին հրաժեշտը Երեւանում: Նրա հիշողություններում 2000-ի այդ օրը մինչ օրս վառ է:

«Մեծ բազմություն էր հավաքվել Մարզահամերգային համալիրում, որտեղ դրված էր Անդրանիկի մասունքներն ամփոփող դագաղը: Տարբեր տարիքի հազարավոր մարդիկ էին գալիս վերջին հրաժեշտը տալու: Նրանց մեջ էր նաեւ ալեհեր մի ծերունի, ով Անդրանիկի զինվորն էր եղել»,- պատմում է Մելիք Բաղդասարյանը:
Հաջորդ օրը Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեհանգստյան պատարագ է մատուցում:

Էջմիածնից դագաղը տեղափոխվում է Եռաբլուր, որտեղ ամփոփվում է Վազգեն Սարգսյանի գերեզմանի հարեւանությամբ:

Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի եւ Վաղարշակ Հարությունյանի արխիվից — See more at: http://www.mediamax.am/am/news/special-report/22262/#sthash.nRZX0eDY.dpuf