Ստեփանակերտում գործող «Արցախ ֆրուտ» պահածոների գործարանը արտադրում է 40 տեսակ ապրանք՝ պահածոներ, օշարակներ, կոմպոտներ, մարինադներ, մուրաբաներ։

Ինչպես հայտնում է Hraparak.am-ը՝ արտադրության 15-20 տոկոսը վաճառվում է տեղական շուկայում, 75-80 տոկոսն արտահանվում ՌԴ: 

«Արցախ ֆրուտ» ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանի խոսքով նպատակ ունեն ընդլայնելու և՛ արտադրանքը, և՛ արտահանվող արտադրանքի աշխարհագրությունը։

«Արտադրության հումքի 60-70 տոկոսը ձեռք է բերվում տեղական ֆերմերներից, մնացածը՝ Հայաստանի Հանրապետությունից։ Նոր տեսականիների վերամշակման հետ խնդիրներ ունենք, նաև գործարանը վերազինելու խնդիր ունենք»:

Նա նշեց նաև, որ Արցախում նռան վերամշակումը պետք է լինի մեկ այլ մակարդակի, դրա համար պետք է կառուցվի նոր գործարան, բոլորովին այլ տեխնոլոգիաներով, որպեսզի կարողանան արտադրել նռան հյութ, օշարակներ, կոնցենտրատներ։

«Դրա համար ներդրումներ են անհրաժեշտ։ Բայց այն, որ մոտակա 2-3 տարում պետք է ունենանք ամբողջությամբ զինված գործարան նուռ վերամշակելու համար, դա փաստ է», — ասաց «Արցախ ֆրուտ»-ի տնօրենը։