Կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։

Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։

1965 թվականին լրանում էր հայերի դեմ ցեղասպանության 50-ամյա տարելիցը: 1964 թվականի դեկտեմբերի 13-ին ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին այդ տարելիցը նշելու և Երևանում առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար: Ձևակերպումը շատ ընդհանուր էր, իսկ իրականում այն նվիրվելու էր Հայերի դեմ ցեղասպանության զոհերի հիշատակին և պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը:

1965 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը որոշում է կայացնում «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու» մասին։ Հանրապետությունում հայտարարվում է մրցույթ: Ներկայացված 70 նախագծերից հաղթող է ճանաչվում Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը:

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին, և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ Հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրվեց հուշարձանին, տեղի ունեցավ միտինգ, որից հետո Անտոն Քոչինյանը վառեց հուշարձանի անմար կրակը:

Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ 

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1893-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում թուրքական կառավարությունների իրագործած Հայերի դեմ  Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ունի երեք հիմանական կառույցներ՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն և հուշապատ։

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները: