56 տարի առաջ այս օրը բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

  • by Western Armenia, 29 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
62 դիտում

56 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 2 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:

Մինչև հուշահամալիրի հիմնական մաս հասնելը այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Արևմտյան Հայաստանի ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանց անուններն են՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Հեդվիգ Բյուլ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Կարեն Եփփե, Յակոբ Կյունցլեր, Բոդիլ Բյորն, Մարիա Յակոբսեն, Ալմա Յոհանսոն, Կլարա Բարտոն:

1988-1990 թթ. Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1990-1992 թթ. Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված հինգ ազատամարտիկ։

1995 թ. ապրիլին՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հուշահամալիրում բացվել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության  թանգարան-ինստիտուտը , որի տարածքային տեղադրությունը չի խախտում ճարտարապետական համալիրի ներդաշնակությունը։

Անգամ ժխտողականության և հրաժարման քաղաքականության հիման վրա մենք չենք հավատում, որ Երևանի իշխանությունները կծրագրեն ապամոնտաժել Արևմտյան Հայաստանում 1894 թվականին Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: