Հովհաննես Բաղրամյան (Հովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան, դեկտեմբերի 2, 1897, Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — սեպտեմբերի 21, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի։

Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում (ներկայիս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության տարածքում)։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։

Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ. մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Զորքերում հրամանատարական ծառայության է վերադարձել 1940 թվականին՝ դառնալով Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։

Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Նա առաջ քաշվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարեց Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։

Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։ Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։

Բաղրամյանը իր և զորավար Անդրանիկի հանդիպման մասին

1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918 թվականին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», — ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ